Aravot.am-ի այն դիտարկման հետ, թե կարծիք կա, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին է ուղղվում Հայաստանի մշակութային բյուջեի առյուծի բաժինը, դրա համար էլ հաջողություններ են գրանցում, նվագախմբի հիմնադրիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանը չհամաձայնեց: «Մեր նվագախմբում աշխատավարձերը մի քանի անգամ ավելի ցածր են այլ նվագախմբերի համեմատությամբ: Մենք չունենք ֆինանսական լավ պայմաններ, դահլիճներ: Մեր համերգները կայանում են ուրիշների դահլիճներում՝ ունենալով մեկ, լավագույն դեպքում երկու փորձի հնարավորություն: 10 տարվա ընթացքում մենք ձեռք չենք բերել գործիքներ, որովհետեւ մեր պետությունը ի վիճակի չէ մեզ գործիքներով ապահովել: Չնայած սրան, մենք ոգեւորված աշխատում ենք եւ գաղափարով հաղթում ենք նման մարդկանց՝ առաջացնելով ինչ-ինչ դժգոհություններ…
Ինչ վերաբերում է Խաչատրյանական փառատոնին, որ ստեղծվել է մեր նվագախմբի կողմից, ասեմ, որ Հայաստանում ապրող մտավորականությունը երաժիշտները չպետք է թույլ տային, որ Հայաստանում չլիներ Խաչատրյանի անվան փառատոն: Հանցագործություն էր, որ չկար այդպիսին: Ի միջիայլոց, երբ հրավիրում ենք աշխարհի լավագույններին, ու երբ իմանում են, որ երրորդ փառատոնն է, չեն հավատում»,-ասաց Երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ իր անվան հետ կապված որոշ խոսակցությունների՝ այս կամ այն կոլեկտիվի, հաստատության ղեկավար նշանակվելու թեմայով: «Վերջին 4-5 տարիների ընթացքում ինձ նշանակել են տարբեր պաշտոնների՝ Սմբատյանն այստեղ է, Սմբատյանն այնտեղ է…Ես ուզում եմ իրենց հարցնել՝ ե՞րբ կլինի այն օրը, որ իրենք ասեն՝ մենք սխալվել ենք: Դա մեր մեծագույն մեր ցավն է, եւ միայն Հայաստանում չէ, որ այդպես է: Բայց կան չէ՞ երկրներ, որտեղ մարդիկ իրենց թույլ չեն տալիս անհիմն բաներ ասել, որովհետեւ իրենցից կպահանջեն բացատրություն: Երբ վերջին անգամ էլի նման նեգատիվ շղթա սկսվեց, ես պաշտոնապես հայտարարեցի, որ բոլոր դիրիժորները կարող են հանգիստ լինել, ես ոչ մի ցանկություն չունեմ այլ տեղ գնալու, քանի որ մենք ունենք առողջ կոլեկտիվ, նպատակ, հաջողություններ, եւ մեր կոլեկտիվը վիրավորվում է նման լուրերից»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Սերգեյ Սմբատյանի ֆեյսբուքյան էջից: