ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ արտերկրում ապրող ազգությամբ հայ կնոջ մերկ լուսանկարը սոցիալական ցանցում տարածելու սպառնալիքով գումար շորթելու դեպքի առթիվ:
Բեռլինում բնակվող ազգությամբ հայ բնակչուհին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանատան միջոցով հաղորդում է ներկայացրել, որ իր նախկին ընկերը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ է, «facebook.com» սոցիալական ցանցում իր անվամբ էջ է բացել և տեղադրել իր մերկ լուսանկարը: Այնուհետև սպառնալով, որ այն հասանելի կդարձնի ավելի լայն շրջանակի անձանց համար, լուսանկարը հեռացնելու համար գումար է պահանջել: Դեկտեմբերի 12-ին տղամարդը «MoneyGram» դրամական փոխանցման համակարգով ստացել է 307.068 ՀՀ դրամին համարժեք 600 Եվրո:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին