Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նրա կյանքը բառերով եմ փրկել». Անտոնինա Մահարին՝ Գուրգեն Մահարու մասին

Հունվար 13,2016 17:41

Երևանի Կասյան փողոցում է գտնվում բնակարանը, որտեղ ժամանակին ապրել ու ստեղծագործել է հայ մեծանուն գրող Գուրգեն Մահարին: Հիմա այստեղ ապրում է նրա այրին՝ արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ, ազգությամբ լիտվուհի Անտոնինա Մահարին:

Aravot.am-ն այսօր այցելել էր տիկնոջը, սակայն մեզ դիմավորեց նրա հարևանուհին՝ նեղսրտելով, որ լրագրողներն արդեն քանի օր է՝ հանգիստ չեն տալիս տիկին Անտոնինային: Ճիշտ է՝ վերջինս նրանց ընդունում է, բայց դա նրա համար դժվար է, որովհետև հյուրասենյակում շատ ցուրտ է, իսկ նա իրեն լավ չի զգում, հիվանդ է…

Տիկին Անտոնինայի հարևանու հետ մեր զրույցն ընդհատվեց, երբ ննջասենյակից դուրս եկավ Անտոնինա Մահարին՝ հագին մի քանի տաք հագուստ ու վերարկու: Նա մեզ հրավիրեց հյուրասենյակ, որը ծառայում է նաև որպես Գուրգեն Մահարու թանգարան:

2016-01-13-13.11.25 2016-01-13-13.11.18 2016-01-13-13.10.55

Խոր ու լայն ճաքերով առաստաղով, պոկված մանրահատակով, պատերից կախված բազմաթիվ նկարներով, սենյակի մեջտեղում դրված հին փայտե սեղանով, անկյունում դրված գրասեղանով, հին ռադիոընդունիչով ու բազմաթիվ գրքերով այս սենյակում իսկապես շատ ցուրտ է, սակայն տիկին Անտոնինան չի բողոքում. «Ննջասենյակում տաք է, այնտեղ երբեմն տաքացուցիչ եմ միացնում,- ասում է նա,- Գրողների միությունը ինձ շատ լավ է վերաբերվում, գումար է ուղարկում, ես մոռացված չեմ, ամեն ինչ կարգին է, և կարիք չունեմ որևէ մեկին դիմելու: Ես ինձ այս տանը լավ եմ զգում: Վերջ»…

Գուրգեն և Անտոնինա Մահարիները ծանոթացել են Սիբիրում:

Վիլնյուսի համալսարանի 22-ամյա ուսանողուհի Անտոնինա Պովիլայտիտեն Սիբիր էր աքսորվել «Հանուն Լիտվայի անկախության» գաղտնի խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով, իսկ Գուրգեն Մահարին մեղադրվում էր «ահաբեկչության» ու «Բերիային սպանելու մտադրության» մեջ և ճամբարում ազատազրկման ժամկետը սպառելուց հետո դատապարտվել էր ցմահ աքսորի:

Անտոնինա Պովիլայտիտեն Սիբիրում անցկացրել է 10, իսկ Գուրգեն Մահարին՝ 17 տարի: Նրանք միասին են ազատվել աքսորից, ամուսնացել Սիբիրում ու եկել Հայաստան:

«Երբ ես հանդիպեցի Մահարուն, նա հիվանդ էր, բժիշկները հույս չէին տալիս: Նա պառկած էր մահացող հիվանդների հիվանդասենյակում: Եվ ահա Աստված ինձ ուղարկեց նրան, որ ես կարողանայի նրան ոտքի կանգնեցնել: Գուրգենը դժբախտ մարդ էր, իսկ ես սիրում եմ դժբախտներին ու հիվանդներին: Մենք, ինչպես ասում են, ռազմաճակատի ընկերներ էինք, իսկ ռազմաճակատի ընկերները պետք է օգնեն իրար: Գուրգենի վիճակը շատ ծանր էր, իսկ ես երիտասարդ էի ու առողջ և օգնեցի նրան ապրել: Սկսեցի խնամել նրան: Ասում էի՝ թույլ չեմ տա, որ մահանաս…

Ես նրա կյանքը բառերով եմ փրկել: Մահարին արդեն հույսը կորցրել էր, որ կառողջանա ու տուն կվերադառնա: Իսկ ես խաբում էի նրան, թե ամեն ինչ լավ է, ասում էի՝ անպայման կառողջանաս, կգնաս տուն, քո գրքերը կհրատարակվեն, դու շատ տաղանդավոր ես և հայտնի գրող կդառնաս… Այդ ամենը նրան ոգևորում, ուժ էին տալիս: Մարդուն պետք է գովես, քաջալերես: Ես Գուրգենի համար մայր եմ եղել. տղամարդիկ միշտ մոր կարիք ունեն: Իսկ նա ինձ հրեշտակ էր համարում:

2016-01-13-13.11.32 2016-01-13-13.10.44

Մահարին լեգենդար մարդ էր, մեծ գրող: Նրա մասին վառ հիշողությունները շատ են, այնքան բան կա ասելու, բայց չեմ ուզում»:

93-ամյա Անտոնինա Մահարին շատ բան է հիշում. «Սիբիրը մինչև հիմա աչքերիս առջև է: Վախ, ցուրտ, ծանր աշխատանք, քաղց… Ազատություն էինք տենչում, իսկ ազատություն չկար, շատ էինք ուզում վերադառնալ տուն, բայց դա անհնար էր: Ահա այսպիսի պայմաններում էինք ապրում: Հիմա ամեն ինչ լավ, հիանալի մարդկանցով եմ շրջապատված, ազատ եմ, որտեղ ուզում՝ գնում եմ, ազատությունն ամեն ինչ է… Ցավոք, մենք անզոր ենք ճակատագրի դեմ, ոչինչ չենք կարող անել: Իմ կյանքում գրեթե ամեն ինչ իմ կամքին հակառակ է եղել: Բանտ, Սիբիր, Երևան… Այդ ամենը ճակատագիր է: Ճակատագիրը խաղում է մարդու հետ, ու բոլորովին կարևոր չէ, թե դու ինչ ես ուզում. ճակատագիրն է քո փոխարեն ամեն ինչ որոշում…

Ես հիմա ամենաշատը ուզում եմ, որ Երևանում մարդիկ միմյանց բարեկամաբար վերաբերվեն, «չուտեն իրար», ուզում եմ, որ խաղաղություն լինի»,- ավարտեց տիկին Մահարին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սոնա says:

    Իսկ որտեղ է նրանց որդին` Գրիգոր Աճեմյանը: Հոդվածում այդ մասին խոսք չկա:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031