«Չեմ կարծում, որ պատահականություն էր»,- հունվարի 13-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականին, ասաց ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Նա նշեց, որ եթե Հանրապետական կուսակցության անդամները արդեն հայտարարություններով էին հանդես գալիս, ուրեմն՝ հրաժարականի համար հիմքեր կային: Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ կուսակցության ներսում նման քննարկումներ չեն եղել. «Սովորաբար, եթե հասունանում է մարդուն տեղափոխելու հարցը, դա կապված է կուսակցական, քաղաքական խնդիրների հետ, կուսակցությունում քննարկվում է: Այդ տիպի քննարկում կուսակցությունում չի եղել»:
Կարդացեք նաև
Ասուլիսին ներկա Արշակ Սադոյանը եւս համոզմունք հայտնեց, որ Հանրապետական կուսակցության օրակարգում պաշտոնապես չի եղել Կարեն Անդրեասյանի հրաժարականի հարցը. «Հանրապետական կուսակցության ղեկավարությունը, անհատները այնքան հզոր դիրքեր ունեն, որ նրանց ասածը բազմաթիվ քննարկումներից ավելի մեծ կշիռ ունի: Բնական է, ոչ ոք, նամանավանդ Հայաստանում, առանց պատճառի հրաժարական չի տալիս, հրաժարականի պատճառ պետք է լինի, եւ բնական է, այդ պատճառը պետք է կապված լինի հարաբերությունների հետ: Կարող է՝ դա չի վերաբերել ամբողջ կուսակցությանը, քաղաքական գծին, այլ վերաբերվել է մեկ-երկու անձանց հարաբերություններին, առավել եւս, երբ իրավունքների պաշտպանության հետ կապված ստիպված ես լինում ուղղակիորեն առնչվել իրավունքը խախտող անձի հետ: Բնական է, մեկ-երկու անձի կպել է, նրանք էլ հեղինակավոր են եղել, ինչ-որ բան է եղել, դրա պատճառով էլ նա ստիպված է եղել հրաժարական տալ, ուրիշ բացատրություն չկա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ