Այսօր «Դեբատ» ակումբում քաղաքական եւ հասարակական գործիչներն ամփոփեցին տարին:
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն ասաց, որ կրթության ոլորտում ամենակարեւոր լուրն այն է, որ ՀՀ կրթության քաղաքականության մեջ համընդհանուր ներառական կրթության գաղափարախոսությունը ներառվեց, ինչը կփոխի հանդուրժողականությունը մեր հասարակության մեջ, մարդասիրությունը: Տիկին Բախշյանը բացատրեց, որ շատերը մտածում են, որ ներառական կրթությունը միայն հաշմանդամություն ունեցող երեխաների համար, բայց դա յուրաքանչուր երեխայի անհատական կարիքների վրա հիմնված կրթությունն է:
Կարդացեք նաև
Ըստ տիկին Բախշյանի, հասարակության մեջ եթե այլախոհներ չձեւավորվեն, մենք կշարունակենք մնալ այս գաղջ մթնոլորտի մեջ. «Այլ կերպ մտածողներին տանում բանտարկում են, փոխանակ լսեն նրան: Կոռուպցիան այն ախտն է, որը հասարակությունը չպետք է հանդուրժի»:
Տիկին Բախշյանի համար անհասկանալի է Օպերայի գլխավոր դիրիժորի պաշտոնը հանելը. «Կարեն Դուրգարյանը կթողնի կգնա Հայաստանից, դա աբսուրդ է: Ոնց է մի մարդու գլխում ծագում այդպիսի միտք»:
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն առաջարկեց գաղջ մթնոլորտը վերափոխելը սկսել մշակույթի նախարարից: Տիկին Բախշյանը չհամաձայնեց. «Չէ, մշակույթի նախարարին նշանակողից սկսենք»:
Ըստ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի, տարվա կարեւոր իրադարձությունը դեկտեմբերի 6-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր:
Հարցին՝ ձեռքբերում է, թե՞ կորուստ ԲՀԿ-ի կազմաքանդումը, որը եղավ իշխանությունների պարտադրանքով՝ Սուքիաս Ավետիսյանը չհամաձայնեց, որ ԲՀԿ-կազմաքանդվել է, այն էլ՝ իշխանությունների պարտադրանքով. «Ընդամենը իշխանությունը կարծիք է հայտնել քաղաքական ուժի վերաբերյալ, քաղաքական ուժը ինքն է որոշել ինչ անել»:
Տիկին Բախշյանն էլ հեգնեց. «Հա, Կարեն Անդրեասյանին էլ էդպես կարծիք հայտնեցիք, բան չարեցիք»:
Ըստ Սուքիաս Ավետիսյանի, Կարեն Անդրեասյանն ինքը պետք է բացատրություն տա, թե ինչու է հրաժարականի դիմում ներկայացրել. «ԱԺ-ում շատ ակտիվ քննարկում է տեղի ունեցել»:
Սուքիաս Ավետիսյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ում բազմակարծություն է տիրում: Դիտարկմանը՝ ո՞նց կարող է ՀՀԿ-ում բազմակարծություն լինել, երբ երկրում բազմակարծություն չեք հանդուրժում, ԲՀԿ-ի այլակարծությունը չեք հանդուրժում՝ նա պատասխանեց. «Հեռուստատեսությամբ, մամուլում, ֆեյսբուքում ով ինչ ասես՝ ասում է՝ առանց արդեն ցենզ հաշվի առնելու, առանց մեծ ու փոքր հաշվի առնելու: Դա բազմակարծություն չէ՞, էլ ի՞նչ եք ուզում, որ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ