Հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը «Մեդիա կենտրոնում» որոշ մանրամասներ ներկայացրեց իր հանդեպ «Անդրե Մակարով» անունով ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից հնչեցված սպառնալիքների վերաբերյալ: Նա հորդորել էր Զառա Հովհաննիսյանին զգույշ մնալ, որ չսպանվի իր երեխայի հետ:
Հրապարակախոսը պատմեց. «Ես իմ ֆեյսբուքյան էջում տեղադրել էի Գևորգ Սաֆարյանի պատկերով շապիկը, «Անդրե Մակարով» օգտատերը վերցրել էր այն ու խեղաթյուրելով` տեղադրել իր պատին Սաֆարով գրառմամբ: Ես էլ այդ գրառումն իր պատից վերցրել ու ներկայացրել էի հանրությանը` նրան հորդորելով հանել այդ գրառումը: Այնուհետև նա ինձ գրեց, թե ես պաշտպանում եմ մեկին, որը թուրքական գործակալ է: Նա գրել էր իր հասցեն, որ գտնվում է պատերազմական գոտում` Նովոռոսիայում, այսպիսով քաղաքական որոշակի ուղղորդում տալով: Ի վերջո, իմ հասցեին սպառնալիքներ հնչեցրեց, ասաց, որ զգույշ լինեմ այս երկու օրը դուրս գալուց, որ չսպանվեմ իմ երեխայի հետ միասին»:
Այս ամենից հետո Զառա Հովհաննիսյանը դիմել է ՀՀ ոստիկանությունը, որին հաջորդել է ոստիկանության տարածած հաղորդագրությունը: «Անդրե Մակարովի» մայրը, կարդալով հաղորդագրությունը, նրան տարել է ոստիկանության բաժանմունք: Այժմ գործը գտնվում է ՀՔԾ-ում: Հրապարակախոսը նշեց, որ հանդիպել է Մակարովին ու նրա մտավոր ունակություններին ծանոթանալով` կասկածում է, որ նա նույն «Անդրե Մակարովն» է, որը «Իրավունք» թերթում լուրջ հարցադրումներ է անում: Ուստի եկել է հետևյալ եզրահանգման. «Անդրե Մակարովի հետևում թաքնված է մեկ այլ զանգված, որն ուղղորդում է նրան ընդդիմադիր հայացքներ ունեցող օգտատերերի դեմ»:
Զառա Հովհաննիսյանը անդրադարձ կատարեց նաև «Նոր Հայաստան» ճակատի աջակից, ռուսաստանաբնակ Սյուզի Գևորգյանի հանդեպ կատարված բռնությանը: Հիշեցնենք, որ հունվարի 5-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Կասյան փողոցում երկու հաղթանդամ տղամարդ հարձակում էին գործել Սյուզի Գևորգյանի վրա` նրան հասցնելով մարմնական վնասվածքներ: Վկայակոչելով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությունը` հրապարակախոսը նշեց. «ՀՀ-ում աննախադեպ երևույթ է կանանց նկատմամբ բռնաճնշումների այս նոր տեսակը: Նշեմ, որ դա հանգեցնելու է ընտանիքներում բռնության վիճակի վատթարացմանը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի