Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերին: Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության համար, ընդգծելով, որ հատկապես Սահմանադրության փոփոխություններից հետո, Հայաստանը լայնածավալ բարեփոխումների նոր փուլ է մտնում:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ կողմից բարեփոխումներին տրամադրվող աջակցությունը կլինի շարունակական՝ նկատի առնելով մինչ այժմ ցուցաբերված աջակցության արդյունավետությունը երկրի համար:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս է հայտնել, որ 2016 թվականը ՀՀ–ԵՄ երկկողմ հարաբերություններին նոր որակ կհաղորդի, և մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները: Դեսպան Սվիտալսկին վերահաստատել է ԵՄ հետաքրքրվածությունը՝ Հայաստանին օժանդակելու համագործակցության զարգացման և բարեփոխումների իրականացման գործում:
Կարդացեք նաև
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ