Այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ԱՄՆ-ի կոնգրեսականների նախաձեռնության հետ կապված ասաց, որ դա դեռ որպես ԱՄՆ-ի ակտիվացում, դժվար է ասել բանակցային գործընթացում. «ԱՄՆ-ի կոնգրեսական շրջանակների ակտիվությունն էր դա, ԱՄՆ-ի ակտիվությունը չէր: Իրենք էին լսումներ կազմակերպել: Բացի կոնգրեսականներից, այդ կեցվածքը, առաջարկների կրկնությունը տեսնում ենք Մինսկի խմբի համանախագահողների կողմից: Դա ցույց է տալիս, որ գլխավոր խոչընդոտը Ադրբեջանն է: Ադրբեջանն է, որ դիպուկահարները հեռացնելու դեմ է, այդ մասին ուղղակի ասում է, սարքավորումներ տեղադրելու դեմ է, որպեսզի հստակ լինի, թե ով է զինադադարը խախտողը»:
Ըստ Կիրո Մանոյանի, ՀՀ-ի համար վտանգավոր արտաքին մարտահրավերներ կան. «Եթե շատ սրվեն հարաբերությունները ՌԴ-Թուրքիա՝ հասնելու մինչեւ պատերազմական վիճակի, կարծում եմ, մեզ համար ոչ մի լավ բան էլ չի լինի: Բայց ինչ-որ չափով սրումը որոշ հնարավորություն է տալիս, որ ակտիվներ ձեռք բերենք: Այս բոլորի մեջ նաեւ Թուրքիան՝ որպես տարածաշրջանային դերակատար, բավական շատ վարկաբեկվում է իր պահվածքով, մենք կարող ենք նաեւ այլ երկրների հետ արդյունավետ աշխատանք տանենք»:
Հարցին՝ Թուրքիայի ներքին խնդիրների եւ միջազգային վարկանիշի անկման պատճառով Թուրքիայի հետաքրքրությունը Հայ Դատի հետ կապված կարծես փոքր-ինչ մարել է, հայկական կողմը կարո՞ղ է այս իրավիճակից օգտվել՝ Կիրո Մանոյանը պատասխանեց. «Թուրքիան ԵՄ-ի համար մեծ կարեւորություն ստացավ Սիրիայից փախստականների հարցերի հետ կապված. «Մենք տեսանք, թե ինչպես Գերմանիայի խորհրդարանը հետաձգեց Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումը: Պարզ է, որ դա Թուրքիային չնեղելու համար էր: Թուրքիան միայն քրդերի հարցերով չի զբաղված: Բավական ոչ կայուն զարգացումներ են ակնկալվում Թուրքիայի համար առաջիկա ամիսներին ու նույնիսկ տարիներին, որովհետեւ Թուրքիայի այս իշխանությունները որոշել են, որ կա՛մ իրենց ասածը կլինի, կա՛մ իրենք երկիրը կտանեն պատերազմի, ինչպես հիմա տարել են քաղաքացիական կռիվների»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ