Լրահոս
Օրվա լրահոսը

Կներկայացվի Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու դիմում

Հունվար 13,2016 14:35

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ներկայումս կալանավորված Գևորգ Սաֆարյանի` կալանքի որոշումը բողոքարկելու հայցով դատական նիստը հավանաբար տեղի կունենա այս շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին: Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը տեղեկացրեց, որ այսօր դիմում են ներկայացնելու, որ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխվի:

Փաստաբանը վստահեցրեց, որ Գևորգ Սաֆարյանի գործողությունները դեկտեմբերի 31-ի երեկոյան Ազատության հրապարակում ոչնչով չեն տարբերվել ակցիայի մյուս մասնակիցների գործողություններից, ու, ըստ էության, նրա նկատմամբ կիրառվել են խորհրդային մեթոդներ:

Պարոն Հայրապետյանը մանրամասնեց. «Ոստիկանները փորձել են սադրել, որ ակցիայի մասնակիցները հակադարձ բռնություն կիրառեն, սակայն նրանք սադրանքներին չեն տրվել: Ուստի ոստիկաններից մեկը գնացել հանցագործության մասին հաղորդում է տվել, ուրիշ ոստիկան հաստատել, վկայություն է տվել, քրեական գործ են հարուցել, Գևորգ Սաֆարյանին մեղադրանք առաջադրել ու կալանավորել: Գևորգին մեղադրանք են առաջադրել, իբր թե նա խոչընդոտել է ոստիկանության օրինական գործողություններին և բռնություն գործադրել այն ոստիկանի նկատմամբ, որն իր պաշտոնական պարտականություններն է կատարել: Սակայն Գևորգը չի ընդունում երկու հանգամանք, որ այդ օրը ոստիկանության գործողությունները օրինական են եղել և, որ Գեղամ Խաչատրյանն իր օրինական պարտականություններն է կատարել»:

Դառնալով Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու հանգամանքին` փաստաբանը տեղեկացրեց. «Ակցիայի կազմակերպիչները դիմել են Երևանի քաղաքապետարան, որը ոչ միայն չի արգելել տոնածառ տեղադրել, այլև ասել է, որ հանրահավաքի հետ այդ հարցը չի առնչվում, ուստի այն չեն քննարկում: Փաստորեն, չկա քաղաքապետարանի, ոստիկանության կամ որևէ այլ հրաման, ուստի որտեղի՞ց են գտել, որ Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել չի կարելի: Ակնհայտ է, որ այս գործողությունները չի կարելի համարել օրինական»:

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ-ի նախագահ Վարդան Հարությունյանը փաստում է, որ նմանատիպ գործողությունները սկսել են դեռ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ փուլից սկսած. «Նշանավոր դեպքեր կան, երբ ծեծն ու բռնությունը մարդու նկատմամբ անգամ կարելի է մահափորձ դիտարկել: Օրինակ` Աշոտ Մանուչարյանի նկատմամբ բռնությունը. մինչև հիմա նա հանրությանը ներկայանում է ջարդված քթով ու ճակատով: Ոստիկանները միշտ էլ հրապարակային ակցիաների ժամանակ իրենց դրսևորում են օրենքից դուրս կարգավիճակով»:

Իրավապաշտպանի պնդմամբ` մեզանում ոստիկանությունը վերածվել է քաղաքական իշխանության ձեռքի մահակի:

Դառնալով Գևորգ Սաֆարյանի կալանավորմանը` պարոն Հարությունյանը նկատեց. «Քանի որ կալանավորված անձ կա, նշանակում է, այդ սադրանքը նպատակաուղղված էր. խնդիր կար կալանավորել ակտիվ քաղաքական դիրքորոշում ունեցող երիտասարդին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031