Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյանը վարկային համաներում է առաջարկում

Հունվար 13,2016 14:09

«ՀՀ-ն կանգնած է լուրջ տնտեսական զարգացումների առջեւ, հատկապես ՌԴ տնտեսության զարգացումների, ռուբլու անկման, նավթի գնի կտրուկ նվազման ֆոնին»,- «Հենարան» մամուլի ակումբում այսօր հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Անցած տարի հինգ հարյուր միլիոն տրանսֆերտ չստացանք: Եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներից շատերն այս տարի չգնան: Մենք պետք է հասկանանք, որ մեկ միլիարդ դոլարի հասնող տրանսֆերտներ չենք ստանալու»,- կանխատեսեց պատգամավորը` հավելելով, որ կառավարությունը պետք է օպերատիվ կառավարման համակարգի անցնելով լուծումներ գտնի:

Միաժամանակ, Միքայել Մելքումյանը կարծում է, որ մեր կառավարությունից կախված է տեղում հարցերը լուծելու հիսուն տոկոսը. «Ոչ խոսքով, այլ իրականում հակամենաշնորհային եւ մրցակցային հարաբերությունների հստակեցում, հակակոռուպցիոն քաղաքականություն, ներդրումների պաշտպանություն, արտահանման խրախուսման եւ վարկային քաղաքականություն»:

Պատգամավորն առաջարկում է արտադրող-արտահանողներին ռուսական ռուբլով վարկերի տրամադրում, արտահանման ռիսկերի` պետության կողմից իր վրա վերցնում` ռուբլու անկման դեպքում սուբսիդավորում: Նա հույս ունի, որ վաղվա նիստում կառավարությունն այս մասին հայտարարություն կանի:

«Անցյալ տարին գյուղատնտեսության ոլորտում աճ եղավ, բայց գյուղացին չի ուրախացել. Սա մեր պետության խնդիրը պետք է լինի»,- ասում է պատգամավորը` առաջարկելով արդյունաբերական եւ սպառողական վարկերի համաներում հայտարարել, բարձրացնել արտադրողի դերը, փայփայել շուկա ունեցող արտադրողներին. «Արտադրողը սահմանին կանգնած զինվորից հետո պետք է մեր երկրորդ հերոսը լինի: Հայ բիզնեսմենի մասին ֆիլմեր չունենք»:

Կառավարության`օպերատիվ կառավարման ձեւաչափում նա նկատի ունի նաեւ, որ առանձին նախարարներ պետք է քաղաքական լուծումներ առաջարկեն իրենց ոլորտներին վերաբերվող. «Մեր քաղաքական համակարգը հիմք չի հանդիսանում, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող նախարարը քաղաքական լուծումներ առաջարկի»:

Իր առաջարկների համար գումարներ, Միքայել Մելքումյանը գտնում է, որ կարելի է գտնել կառավարության պահուստային ֆոնդից, արտաբյուջետային գումարներից:

Նա նաեւ հայտարարեց, որ կառավարությունը «գնալու է օպտիմալացման», ինչի մասին հանրությունն ավելի ուշ կտեղեկանա: Օպտիմալացման ֆոնին, նրան քիչ է հետաքրքրում` կրճատումներ կլինեն, թե՞ ոչ, խոսքն, իր կարծիքով, բյուջետային գումարների արդյունավետ կառավարման մասին է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031