«Ես այն կարծիքին չեմ, որ հայոց երկրակամարում չկան մարդիկ, որոնք չեն կարող, ես կարծում եմ կան մարդիկ, ուղղակի պետք է փնտրել գտնել»,- հունվարի 13-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականին, ասաց ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նա համարում է, որ մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի համար շատ թեկնածուներ կան, եւ հույս հայտնեց, որ արժանի թեկնածուն կառաջադրվի այդ պաշտոնում:
Անդրադառնալով հրաժարականի՝ քաղաքական պատվեր լինելու խոսակցություններին՝ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ այդպիսի պատվերի մասին չի լսել. «Ուրիշ բան է, որ առանձին պատգամավորներ ինչ-ինչ երեւույթներից, իրավիճակներից ելնելով դժգոհություն ունեին եւ այդ դժգոհությունն արտահայտեցին: Հիմա, եթե ինչ-որ բառ, ինչ-որ արտահայտություն այնպիսին չի եղել, որ որեւէ մեկին դուր է եկել, դա երեւի այլ բան է: Ընդհանրապես այդպիսի հրահանգ, այդպիսի որոշում կուսակցության մեջ չի եղել, չկար, եթե լիներ, ես անպայման կիմանայի»:
Հարցին, թե արդյոք Ազգային ժողովի քննարկումները ինչ-որ կապ կարո՞ղ են ունենալ այդ որոշման հետ, նա պատասխանեց. «Բացարձակ ոչ, չեմ կարող ո՛չ ժխտել, ո՛չ պնդել, հնարավոր է, որ ինքը որոշակի հարցերի լուծումից, գործունեությունից դժգոհ է կամ բավարարված չէ, եւ դրա համար էլ, ըստ երևույթին, պետք է հրաժարական տա: Մենք պետք է հրաժարականները սովորական ընդունենք, վերջապես 25-րդ տարին է ժողովրդավարական պետություն ենք կառուցել, քաղաքակիրթ երկրներում այդ հրաժարականներին հասարակությունը առանձնապես շատ ընդգծված, առավել եւս ողբերգական գույներով չի նայում: Նորմալ երեւույթ է, հավերժ ոչ մի բան չկա, հավերժ միայն հայրենիքն ու ժողովուրդն է, մնացած պաշտոնները ժամանակավոր են»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ