Տոնական օրերին խանութներում այնպիսի իրարանցում չկար, ինչպես նախորդ տարիներին: Այս մասին այսօր ասաց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: «Պատճառն այն է, որ տնտեսական խնդիրներ կան երկրում, մարդկանց գնողունակությունն ընկել է, արտագաղթն է ազդել: Միայն խոշոր խանութներում էր զգացվում շարժը, մնացած փոքր խանութներում դա չկար»,-նշեց նա:
Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահը ևս մեկ անգամ հիշեցնում է սպառողին՝ ապրանքը գնելուց առաջ նայել ժամկետը, հայերեն մակնշումը: «Բացի այդ, արդեն կտրատված ու փաթեթավորված սնունդ գնելուց խուսափեք: Օրինակ երշիկի դեպքում երբ կտրատված է վաճառվում, դժվար է որոշել՝ երբ է արտադրված: Խորհուրդ կտամ գնել ամբողջական վիճակում»,-շեշտեց պարոն Չիլինգարյանը:
Նա անձամբ օրեր առաջ ժամկետն անց երշիկ է հայտնաբերել խանութներից մեկում. «Երշիկը սպիտակած էր, ես ասացի մենեջերին այդ մասին, անմիջապես դա հանվեց վաճառքից»: «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե ո՞ր խանութում է դա եղել և արդյո՞ք պատկան մարմիններին հայտնել է գործիչն այդ մասին, պարոն Չիլինգարյանն ասաց. «Երևան սիթի»-ում էր դա: Մի երշիկ էր, մեծ քանակությամբ չէր, դրա համար էլ չեմ տեղեկացրել որևէ մեկին, աշխատակիցը դա հանեց վաճառքից»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ