«Այսօր Հիսուս Քրիստոսի անվանակոչության օրն է: Ծնունդից 8 օր անց Տերն անվանակոչվել է: Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս թլփատվեց և անվանակոչվեց: Ղուկաս ավետարանիչը վկայում է՝ և երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում»,-այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց Արարատյան Հայրապետական Թեմի Արաբկիր համայնքի հոգեւոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:
Նա նշեց, որ Հեսու կամ Հիսուս անունները նշանակում են «փրկիչ». «Աստված Աբրահամի հետ ուխտ արեց՝ թլպատել արու զավակներին, որպեսզի նրանք հեռու մնային մարմնական կրքերից եւ ցանկություններից: Քրիստոս թլպատության կարիք չուներ, որովհետեւ չուներ ժառանգական եւ ներգործական մեղք, ինչպես մարդիկ: Բայց նա մտավ այդ «օրենքի» տակ՝ ամեն ինչ արեց, որպեսզի մարմնականը եւ հինը վերանա: Նա դրեց սուրբ հոգու շնորհների՝ հույսի, սիրո, հավատի սկիզբ»:
Քրիստոսի անվանակոչության օրը սկսվում են մկրտությունները. «Մկրտությունների թիվն ավելացել է: Ժողովուրդը, գիտակցելով անվանակոչության խորհուրդը, իր զավակներին բերում է Մկրտության: Քահանան մկրտվողին սրբի անուն է տալիս»,-ասաց Տեր Բաբկենը:
Նրա խոսքով՝ Տիրոջ մասին խոսելից պետք չէ Հիսուս ասել, փոխարենը՝ Փրկիչ Հիսուս, Տեր Հիսուս, Հիսուս Քրիստոս, ով միաժամանակ մարդ եւ Աստված է ճշմարտապես:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Փրկչի անվանակոչության տոնին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը՝ երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ