Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունից» բացի՝ ՀԱԿ-ն է՞լ չի մասնակցի «Ընտրական օրենսգրքի» բարեփոխմանը. «Հայոց աշխարհ»

Հունվար 13,2016 12:20

Նախորդ տարվա քաղաքական օրակարգի հիմնական առաջնահերթություններից մեկը կյանքի կոչելուց՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթն ընդունելուց գրեթե անմիջապես հետո իշխող կուսակցությունը ձեռնամուխ է եղել քաղաքական նոր համակարգի կայացման երկրորդ կարեւորագույն «ատրիբուտի»՝ Ընտրական նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին։

Այս հարցում Հանրապետականին, բնականաբար, աջակցում են խորհրդարանում երկրորդ խոշոր խմբակցությունն ունեցող ԲՀԿ-ն եւ Դաշնակցությունը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական մյուս ուժերին, «Ժառանգությունը», ի դեմս կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, արդեն իսկ հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել քննարկումներին։ Երեկ Ա.Մարտիրոսյանը, մեր հարցին ի պատասխան, վերահաստատեց իր «սկզբունքային դիրքորոշումը»։ Այն է՝ երբեք եւ ոչ մի պարագայում չներքաշվել այդ գործընթացի մեջ։

Ինչո՞ւ։ Որովհետեւ «սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղ գտած կեղծիքների ծավալը եւ բնույթը որեւէ հնարավորություն չեն տալիս մասնակցել։ Երկրորդ՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մեր առաջարկները չեն ընդունվել, այդ թվում՝ նաեւ ընտրական համակարգի բարեփոխման հետ կապված։ Սա արդեն իսկ բավական է՝ ասելու, որ իշխանությունները պատրաստ չեն որեւէ կառուցողական քննարկման»։

«Ժառանգությունը» բոյկոտեց նաեւ սահմանադրական փոփոխությունների գործընթացը, բայց նախագիծն ընդունվեց, եւ հիմա իրենք, ուզեն թե չուզեն, պետք է ապրեն ու աշխատեն սահմանադրական նոր իրողությունների պայմաններում։ Ավելի լավ չէ՞ր լինի՝ սեփական մասնակցությունը բերելով ընտրական համակարգի բարեփոխմանը, այն ավելի լավը դարձնել, քան մարտից հետո սուր ճոճել, թե՝ իշխանությունն էլի նենգափոխեց ժողովրդի ընտրությունը։

Ա.Մարտիրոսյանի համոզմամբ՝ դա անիմաստ է. «Մեկ է՝ իշխանությունները միշտ անում են իրենց ուզածը»։

«Հայոց Աշխարհ»-ը փորձեց պարզել նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավարի դիրքորոշումը ԸՕ-ի բարեփոխմանը մասնակցել-չմասնակցելու հարցում։ Պատասխանը դիվանագիտական էր. «Քննարկելու նյութ չկա՝ մեզ որեւէ հրապարակային առաջարկ չի եղել՝ մասնակցելու ԸՕ քննարկումներին, փաստաթուղթ նմանապես չի հրապարակվել. չեղած բաների մասին խոսելն անիմաստ եմ համարում»։

Իսկ եթե, այնուամենայնիվ, ՀԱԿ-ին պաշտոնապես առաջարկվի ներգրավվել այդ քննարկումներում։ «Եթե-ներով հարցերին չեմ պատասխանում. երբ կլինի՝ այն ժամանակ կխոսենք»,- պատասխանեց ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ՝ ըստ էության չբացառելով իրենց հնարավոր մասնակցությունը ԸՕ բարեփոխման աշխատանքներին։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031