Մի տեսակ ընդհանուր զգացողություն կա, որ մեր օմբուդսմենների հարցում ինչ-որ բան այնպես չի ընթանում, պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ անց նրանք ինչ-որ տեղ ստիպված են լինում հեռանալ:
Հետաքրքիր է, թե հաջորդ օմբուդսմենին նշանակելու ընթացքում եղած թեկնածուների շարքում ինչ կարգի գործչի կտրվի նախապատվությունը. պրոֆեսիոնալ իրավաբանի՞, հասարակական ազդեցություն եւ հեղինակություն ունեցող անձնավորությա՞ն, թե՞ ընդհանրապես նոր անուն ի հայտ կգա:
Կարծում ենք, նախընտրելի տարբերակը պիտի լիներ պրոֆեսիոնալ ու լավ պատրաստված իրավաբանների հետ արդյունավետ աշխատելու ունակ այնպիսի մի գործչի նշանակել, որը հասարակության մեջ որոշակի հեղինակություն ունի: Ճիշտ է, մեր հասարակական-քաղաքական ու նաեւ տեղեկատվական-քարոզչական շրջանակները ջանք չեն խնայում աջուձախ բոլորին մրոտելու եւ անվանարկելու հարցում, բայց, կարծում ենք, հարմար կամ համապատասխան թեկնածուներ կգտնվեն:
Համենայն դեպս, ըստ սահմանված պահանջների, այդ թեկնածուները պետք է լինեն առնվազն 35 տարեկան, ՀՀ քաղաքացի, բարձրագույնավարտ, ունենան մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության բնագավառում գիտելիքներ եւ փորձ:
Կարդացեք նաև
Դե, իսկ հեղինակության մասին արդեն նշեցինք: Մինչդեռ հենց դա է հիմնական խնդիրներից մեկը: Պետք է այնպիսի մի գործիչ, որի ասածների հետ հաշվի կնստեն թե՛ ընդդիմադիրները, թե՛ հատկապես իշխանավորներն ու զանազան պաշտոնյաները, հասկանալի է, հաշվի կնստեն նաեւ հասարակության տարբեր խավերի ու շերտերի ներկայացուցիչները:
Միաժամանակ, կարծում ենք, ցանկալի է, որ հաջորդ օմբուդսմենին նշանակելու պահին նկատի առնվի մի նուրբ հանգամանք եւս: Պետք է թերեւս այնպիսի մի գործիչ, եթե կուզեք՝ կերպար, որը ինքնին կայացած է այս ոլորտում, այլ ոչ թե գալիս է նոր նշանակման ու պաշտոնի հաշվին կայանալու:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում