Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները

Հունվար 13,2016 11:48

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան դահլիճում երեկ մեկնարկեցին Հայաստանի տղամարդկանց 76-րդ եւ կանանց 71-րդ առաջնությունները:

Չնայած մեր առաջատար շախմատիստները չեն մասնակցում, այդուհանդերձ, երկու առաջնություններն էլ բավականին ուժեղ կազմ են հավաքել: Խոսքը նախ եւ առաջ տղամարդկանց մասին է, որտեղ հանդես եկող 12 շախմատիստներից ինը գրոսմայստեր է, երկուսը՝ միջազգային վարպետ: Կանանց առաջնությունում հանդես է գալիս տասը շախմատիստուհի, որոնցից երեքը կրում է միջազգային վարպետի կոչում:

Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Այն, որ թե տղամարդկանց, թե կանանց առաջնություններին մեր ուժեղագույն շախմատիստները չեն մասնակցում, նորություն չէ: Ըստ էության, այստեղ շախմատիստները պայքարում են ոչ միայն հանրապետության չեմպիոնի կոչման, այլեւ տղամարդկանց եւ կանանց հավաքականների մեկական թափուր տեղերը լրացնելու, այսինքն, ազգային հավաքական ընդգրկվելու համար»: Մեր դիտարկմանը, թե այս առաջնությանը մասնակցում է դեռեւս գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը, իսկ ահա Հրանտ Մելքումյանը՝ ոչ, պարոն Վարդապետյանը մեկնաբանեց. «Թերեւս, դա նույնպես իր բացատրությունն ունի: Մինչեւ այժմ տղամարդկանց հավաքականի հիմնական անդամ էին Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը, իսկ Հրանտ Մելքումյանը իր բարձր վարկանիշի շնորհիվ էր համալրել ընտրանին: Բայց ամենայն հավանականությամբ, կարծում եմ, այս առաջնության ավարտից հետո, ֆեդերացիան նիստ կհրավիրի եւ Հրանտ Մելքումյանին կտա հիմնական կազմի խաղացողի կարգավիճակ: Դուք ձեր լրատվամիջոցում մեկ անգամ չէ, որ գրել եք, որ Վլադիմիր Հակոբյանը ցանկանում է հրաժարվել ազգային հավաքականից՝ իր տեղը զիջելով երիտասարդ շախմատիստի: Արդյունքներով այդ երիտասարդը Հրանտ Մելքումյանն է, որի վերջին շրջանի մրցելույթները ամենախոշոր մակարդակի մրցումներում միայն գովասանքի են արժանի: Ֆեդերացիան նպատակահարմար է գտնում՝ ընդառաջ գնալ մեր վաստակաշատ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի որոշմանը, միեւնույն ժամանակ վստահություն ցուցաբերել տաղանդավոր Հրանտ Մելքումյանի նկատմամբ՝ նրան տալով հավաքականի հիմնական խաղացողի կարգավիճակ»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ազգային հավաքականը մրցաշրջան 2016-ին ի՞նչ կարեւոր մեկնարկներ ունի: «Սեպտեմբերին Բաքվում կայանալու է շախմատի համաշխարհային օլիմպիադան: Եթե Հայաստանի շախմատի ֆեեդերացիան եւ հավաքականի անդամները մասնակցելու որոշում կայացնեն, ապա պարզ է, որ հարեւան երկիր պետք է մեկնի միայն ուժեղագույն կազմով հավաքական: Այս առումով հանրապետության այս առաջնությունը անչափ կարեւոր է թե իրենց՝ մասնակից շախմատիստների, թե ֆեդերացիայի համար»:
Երեկ կայացած առաջին տուրում գրանցվեցին այսպիսի արդյունքներ:

Տղամարդիկ:
Կարեն Գրիգորյան-Հովիկ Հայրապետյան՝ 0-1
Զավեն Անդրիասյան-Արման Միքայելյան՝ 1-0
Հովհաննես Գաբուզյան-Նորայր Թորոսյան՝ 1-0
Լեւոն Բաբուջյան-Մանուել Պետրոսյան՝ զ
Սամվել Տեր-Սահակյան-Արման Փաշիկյան՝ 0-1
Ռոբերտ Հովհաննիսյան-Տիգրան Լ. Պետրոսյան՝ 1-0

Կանայք:
Արփինե Գրիգորյան-Սիրանուշ Ղուկասյան՝ 1-0
Մանե Ադամյան-Աննա Սարգսյան՝ զ
Սոնա Ասատրյան-Նարինե Գասպարյան՝ 0-1
Մարիա Գեւորգյան-Արմինե Բաբայան՝ 1-0
Աննա Հայրապետյան-Սուսաննա Գաբոյան՝ զ
Տղամարդկանց առաջնությունում հունվարի 18-ը հանգստյան օր է, իսկ կանայք խաղալու են առանց հանգստի օրվա:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031