Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ յոթերորդ եւ վերջին՝ «Երկրում իրավիճակի մասին» զեկույցով, որում իր անելիքները ներկայացրեց Սպիտակ Տան ղեկավարի պաշտոնում առաջիկա՝ իր համար վերջին տարվա ընթացքում, ինչպես նաեւ՝ Միացյալ Նահանգների կարճաժամկետ հեռանկարի իր տեսլականը: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Ձայնի Ռուսական ծառայությունը:
Համաձայն ավանդույթի, Օբաման ելույթ ունեցավ Կապիտոլիումի լեփլեցուն դահլիճում զեկույցով, որը հեռարձակվում էր ամբողջ երկրում:
Միացյալ Նահանգների նախագահն իր ելույթում նշեց չորս գլխավոր հարց. տնտեսության մեջ հնարավորություններ եւ կայունություն, տեխնոլոգիաների կիրառում եւ կլիմայի փոփոխություն, ազգային անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն, երկրում ներքաղաքական գործընթացի բարելավում:
Ելույթի սկզբում Օբաման նշեց Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի կառուցողական դերը բյուջեի՝ ժամանակին ընդունելու եւ աշխատավոր ամերիկացիների հարկային բեռի մշտական թուլացման ամրագրման գործում, ինչպես նաեւ՝ հույս հայտնեց, որ կլինի համատեղ աշխատանք այնպիսի առաջնահերթությունների ուղղությամբ, ինչպիսին է արդարադատության բարեփոխումը եւ թմրադեղերից կախյալներին օգնության ցուցաբերումը:
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահն առանձնացրեց Սպիտակ Տանն իր աշխատանքի վերջին տարվա ներքաղաքական առաջնահերթությունները. ներգաղթի համակարգի ուղղումը, երեխաների՝ զինված բռնությունից պաշտպանությունը, հավասար աշխատանքի համար՝ հավասար վճարումը, վճարվող արձակուրդը, նվազագույն աշխատավարձի բարձրացումը: