Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն էլ կզարմանա, թե ինչպես են ապրանքներն առանց իր միջամտության արտահանվում. «Հայկական ժամանակ»

Հունվար 13,2016 11:05

ՀՀ կառավարությունը մտադիր է ստեղծել արտահանման խթանման խորհուրդ եւ այդ նպատակով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բավականին հաճախակի քննարկումներ է անցկացնում։ Նման մի քննարկում էլ տեղի է ունեցել երեկ կառավարությունում։

Ի՞նչ է ուզում կառավարությունը։ Բնականաբար, ուզում է ավելացնել Հայաստանից արտահանումը։ Սա, անշուշտ, գովելի է։ Բայց ի՞նչ է պետք դրա համար։ Հաստատ կարելի է պնդել, որ խորհուրդ, հանձնաժողով, աշխատանքային խումբ, վարչություն… պետք չէ։ Դրա համար պետք է նախ ունենալ մրցունակ ապրանքներ, որոնք պահանջարկ կունենան արտաքին շուկայում։ Մրցունակ բոլոր իմաստներով՝ թե որակի, թե գնի…: Այ հենց որ հայտնվեն նման ապրանքներ, կառավարությունն էլ կզարմանա, թե ինչպես են դրանք առանց իր միջամտության արտահանվում։ Սակայն արտահանման խթանմանը ուղղված՝ կառավարության վերջին շրջանում դրսեւորած պահվածքը ցույց է տալիս, որ մեր գործադիրը ունի այլ մոտեցում։ Շաբաթը մեկ հավաքվում ու ի՞նչ են քննարկում։

Որպեսզի արտահանումը աճի, նախ պետք է, որ մեր ապրանքները լինեն ավելի էժան, քան այլ երկրներում արժեն դրանք։ Հայաստանում նման ապրանքներ գտնելը շատ դժվար է։ Ընդհանրապես, լայն սպառման ապրանքների մասով Հայաստանում ամեն ինչ ավելի թանկ է, քան արտասահմանում։ Նույնիսկ՝ «թանկ ու կրակ» Եվրոպայում։ Ուրեմն պետք է քննարկեին, թե ինչպես անեն, որ մեր արտադրանքները ավելի ցածր ինքնարժեք ունենան։

Իսկ ի՞նչ կարելի է անել, որ մեր ապրանքների ինքնարժեքը նվազի։ Շատ պարզ, պետք է տվյալ ապրանքի արտադրությունը լինի արդյունավետ։ Այսինքն՝ ավելի քիչ ծախսով արտադրվի ավելի որակյալ ապրանք։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ այդ ապրանքի արտադրությամբ զբաղվի արդյունավետ տնտեսվարող։

Իսկ ինչպե՞ս պետք է հայտնվի այդ արդյունավետ տնտեսվարողը։ Դրա մեխանիզմն էլ աշխարհը վաղուց, շատ վաղուց գտել է։ Պետք է լինի մրցակցություն, որպեսզի ուժեղ, խելացի, արդյունավետ տնտեսվարողը «հաղթի» մյուսներին։ Արդյունավետ տնտեսվարողին գտնելու այլ մեխանիզմ չկա։

Եվ ահա բոլոր ոլորտներում մրցակցություն հաստատելով, ժամանակի ընթացքում հայտնվում են արդյունավետ տնտեսվարողներ, տնտեսությունը ինքն է դառնում արդյունավետ։ Նման արդյունավետ տնտեսությունը իր հերթին «թրծում», «կոփում է» նոր՝ էլ ավելի արդյունավետ տնտեսվարողների, որոնք էլ ավելի խելացի են, էլ ավելի կրթված եւ էլ ավելի մրցունակ ապրանքներ են արտադրում…: Եվ այս ընթացքը անընդհատ շարունակվում է եւ անխուսափելիորեն հանգեցնում նրան, որ տվյալ երկրում արտադրվող ապրանքները որակյալ են, էժան ու հետեւաբար՝ մրցունակ ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին շուկայում։ Այստեղ ոչ մի հայտնագործություն չկա։ Սա դասագրքային ճշմարտություն է, որը հերքելու փորձեր բազմիցս են իրականացվել ու բոլորն էլ տապալվել են։

Իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը։ Գնում է ճիշտ հակառակ ուղղությամբ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031