Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանի շահը մնում է Ռուսաստանի հետ որոշակի հարցերի շուրջ առեւտուր վարելը

Հունվար 13,2016 16:00

Ըստ «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի` ՌԴ-ի կողմից լարվածության աճի պայմաններում տարաբնույթ վտանգավոր հետեւանքներ են հնարավոր:

– Պարոն Գրիգորյան, եթե սկզբնական շրջանում Ադրբեջանը սադրանքներն իրականացնում էր դիպուկահարների եւ դիվերսիոն-հետախուզական խմբերի միջոցով, ապա 2015թ. մարտից գործողության մեջ դրեց տարբեր տրամաչափի ականանետային, իսկ ապա նաեւ հրթիռահրետանային եւ զրահատանկային միջոցներ: Ո՞րն է Ադրբեջանի նպատակը` պատերազմի վերսկսո՞ւմը, թե՞ լարվածության պահպանումը: Ի՞նչ է շահում Բաքուն իր այս պահվածքով:

– Կարծում եմ, որ լարվածության պահպանումը` ոչ միայն հայկական կողմերի նկատմամբ ճնշում իրականացնելու համար, այլեւ միջնորդներին` ավելի շատ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, «մեսիջ» ուղարկելու համար` առ այն, որ կարգավորումը միայն իր պայմաններով, այսինքն՝ միակողմանի զիջումների միջոցով կարող է տեղի ունենալ: Իհարկե, Ադրբեջանի պահվածքը` լարվածության շարունակական ուժեղացմամբ եւ օգտագործվող զինատեսակների քանակի ու հզորության ավելացմամբ, որոշակիորեն ավելացնում է լայնածավալ պատերազմի վտանգը` «պատահական» պատերազմի տեսքով, երբ իրավիճակը պարզապես կարող է մի պահ դուրս գալ վերահսկողությունից:
Իսկ այն մասին, թե ինչ է շահում Բաքուն նմանատիպ պահվածքով, կարելի է ենթադրել, որ եթե իր շանտաժի հիմնական հասցեատերերը իր ուզածը չեն անում, ապա իր շահը մնում է Ռուսաստանի հետ որոշակի հարցերի շուրջ առեւտուր վարելու շրջանակում:

– Դեկտեմբերի 21-ին Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթն անսպասելի կոշտ գնահատվեց: Թեեւ ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին մամլո ասուլիսում նա նշեց, որ ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռի միջադեպի հարցում ՀԱՊԿ երկրները աջակցում են ՌԴ-ին, եւ Հայաստանը՝ որպես ՌԴ-ի դաշնակից, իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում Մոսկվայի դիրքորոշմանը, այնուամենայնիվ՝ իր ելույթում ՆԱՏՕ-ի երկրների, մասնավորապես՝ «Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային» օրինակ բերելը ի՞նչ եք կարծում՝ ազդեցություն կունենա՞ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի առումով, թե՞, ինչպես շատերն են կարծում, Ս. Սարգսյանի այդ ելույթն անսպասելի չի եղել Մոսկվայի համար:

– Իսկապես, չեմ կարծում, որ անսպասելի էր Մոսկվայի համար: Նախեւառաջ, կարելի է վերհիշել, որ դրանից մի քանի օր առաջ էլ Յ. Խաչատուրովն էր աճապարել ՀԱՊԿ-ի գլխավոր շտաբների պետերի անունից «Սու-24»-ի վերաբերյալ հայտարարություն անել, ինչը թմբկահարվեց ռուսական լրատվամիջոցներով, բայց Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Յ. Խաչատուրովին չէին լիազորել իրենց անունից հանդես գալու. նա ուղղակի գործել է Ռուսաստանի շահերին համապատասխան:

«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

Իր հերթին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի դեպքում Ս. Սարգսյանի ելույթն էլ իր առանցքային մասով, մասնավորապես՝ «Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային» օրինակ բերելով, կարող էր նաեւ Ռուսաստանի որեւէ ներկայացուցչի կողմից տեղի ունենալ` «Սու-24»-ի համատեքստում: Ի դեպ, վերջերս փոխարտգործնախարար Շ. Քոչարյանը նշեց, որ Ս. Սարգսյանի ելույթին հետեւեց լրագրողների ներկայությամբ արտահայտված համաձայնեցված դիրքորոշումը` քննադատությունը Թուրքիայի նկատմամբ: Այսինքն՝ դարձյալ Ռուսաստանի շահն առաջ մղվեց. չնայած, բացի անվերապահորեն Ռուսաստանի կողմից հանդես եկած Հայաստանից, ՀԱՊԿ մյուս երկրների աջակցությունը ՌԴ-ին լավագույն դեպքում լռելյայն արտահայտվեց:
Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն տեղի չի ունենա. ՀԱՊԿ-ի անդամներն, ըստ էության, երբեք չեն էլ թաքցրել, որ Հայաստանին Ադրբեջանից պաշտպանելու մտադրություն չունեն:

– Արդեն մի քանի անգամ ՀԱՊԿ շրջանակներում Ադրբեջանի պահվածքին անդրադառնալով եւ ցանկալի արձագանք չստանալով՝ պաշտոնական Երեւանը խիստ քննադատում է ՀԱՊԿ-ին, այսօր էլ այդ քննադատությունը շարունակվում է: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն օրեր առաջ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում նշեց` «ՀԱՊԿ-ը պետք է արձագանքեր մեկ տարի առաջ Ղարաբաղում հայկական ուղղաթիռի կործանմանը այնպես, ինչպես արձագանքեց թուրքական ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը»: Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը, Ձեր կարծիքով, ո՞ր դեպքում կարող են Ադրբեջանի նկատմամբ գնալ կոշտ քայլերի, առհասարակ՝ հնարավո՞ր եք համարում քննադատական հայտարարությունները:

– Շ. Քոչարյանը նույն հարցազրույցում նաեւ նշեց, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է համապատասխան վերաբերմունք արտահայտել` «եթե մենք ցանկանում ենք իրոք ունենալ ազդեցիկ ռազմաքաղաքական կառույց, այլ ոչ թե ձեւական»: Բայց խնդիրը հենց այն է, որ ՀԱՊԿ-ը «ազդեցիկ ռազմաքաղաքական կառույց» չէ, այլ հենց ձեւական է, քանի որ ի սկզբանե դրա ստեղծման միակ պատճառը եղել են ոչ թե անդամ երկրների ընդհանուր շահերը, այլ Ռուսաստանի հիվանդագին մեծապետական ամբիցիաները: ՀԱՊԿ-ի անդամներն ընդհանուր շահեր չունեն, հաճախակի նաեւ իրար հակասող շահեր ունեն: Ադրբեջանի նկատմամբ կոշտ քայլերի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ դա ուղղակի հակասում է ՀԱՊԿ-ի անդամների շահերին:

– Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ոչ ջերմացումը, ոչ առճակատումը որեւէ լավ բան չեն խոստանում Հայաստանին: Ռուս-թուրքական հարաբերություններում լարումը ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի, Ղարաբաղյան խնդրի վրա, եւ Հայաստանն իրեն ինչպե՞ս պետք է դրսեւորի, որպեսզի այդ սրված հարաբերություններում խուսափի հնարավոր բարդություններից:

– Ռուսաստանի կողմից լարվածության աճի պայմաններում տարաբնույթ վտանգավոր հետեւանքներ են հնարավոր` հաշվի առնելով, որ Հայաստանը միակ վայրն է, որտեղ ռուսական ցամաքային ստորաբաժանումներ են տեղակայված անմիջապես Թուրքիայի սահմանին, որ Հայաստանը չի վերահսկում ոչ ռուսական ստորաբաժանումների տեղաշարժը, ոչ էլ իր օդային տարածքը: Բացի այդ, միջազգային ասպարեզում իր խորացող մեկուսացման պարագայում Ռուսաստանը կարող է փորձել նաեւ խորացնել Հայաստանի մեկուսացումը, ու միաժամանակ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին զենք մատակարարել` նպաստելով ԼՂ հակամարտության գոտում լարվածության հետագա աճին:

Հայաստանը, նախեւառաջ, չպետք է ռուսական շահերով առաջնորդվի: Այս պարզ սկզբունքն ընկալելու դեպքում արդեն հնարավոր կդառնա հաշվարկել, թե ինչպիսի գործողություններ են պետք անվտանգության, արտաքին քաղաքական եւ տնտեսական ոլորտներում: Սակայն, մասնավորապես, տնտեսական ոլորտում խիստ անհրաժեշտ բարեփոխումներն ուղղակի հակասության մեջ են մտնում նաեւ իշխանական բուրգի անդամների հետ, ինչն առավել բարդացնում է իրավիճակը:

– Պաշտոնական Բաքուն արդեն մի քանի անգամ խոսում է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի կողմից ներկայացված ԼՂ կարգավորման առաջարկների մասին: Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը ուշադրությո՞ւն է շեղում վերջին շրջանում շփման գծում, հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունից եւ միջազգային հանրության կողմից էսկալացիայի անթույլատրելիությունը շեշտելու կոչերից, թե՞ ՌԴ-Ադրբեջան ինչ-որ պայմանավորվածություններ կան: Ի դեպ, ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն օրերս նույնպես խոսեց ՌԴ «ակտիվ ջանքերի» մասին. «Վերջին շրջանում խորհրդակցությունների շարք է տեղի ունեցել Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի ու Հայաստանի գործընկերների միջեւ, որի ընթացքում դիտարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման ամբողջ համալիր հարցերը»:

– Ռուսաստանը նախկինում էլ է փորձել ԵԱՀԿ Մինսկի խմբին փոխարինել կամ դրա գործունեությանը զուգահեռ իր նախագծերն առաջ քաշել. կարելի է, մասնավորապես, հիշել 2014թ. ամռանը հակամարտության գոտում տեղի ունեցած սրացումից հետո Ս. Սարգսյանին եւ Ի. Ալիեւին Սոչի հրավիրելը, երբ Ս. Լավրովը հայտարարել էր ինչ-որ «եռակողմ ձեւաչափ» եւ Մինսկի խմբի շրջանակից դուրս գործող կոնտակտային խումբ ստեղծելու պլանների մասին: Միաժամանակ, Ադրբեջանը վաղուց չի թաքցնում, որ կարգավորման գործընթացը Մինսկի խմբի ձեւաչափից հանելն իր համար խիստ ցանկալի կլիներ: Այդ առումով ՌԴ-ի ու Ադրբեջանի շահերը համընկնում են՝ չնայած Ադրբեջանը նաեւ շարունակաբար գտնվում է ռուսական ճնշման ներքո, մասնավորապես՝ ԵՏՄ-ն ընդլայնելու ձգտման պատճառով, եւ ռուս-թուրքական հակամարտության պայմաններում Բաքուն լրացուցիչ ճնշման է ենթարկվում:

Այս իրավիճակում Հայաստանը դարձյալ պետք է ընդգծի Մինսկի խմբի ձեւաչափի նկատմամբ իր հավատարմությունը, մասնավորապես՝ ձգտելով իրականացնել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակման վերաբերյալ առաջարկները:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031