Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Վրաստանում որեւէ տնտեսվարող չի մտածում, որ Վրաստանում ներդրում անի, վաղը պատերազմ կսկսվի»

Հունվար 13,2016 15:30

Տնտեսագետ Գագիկ Մինասյանը կարծում է, որ Վրաստանում ՀՆԱ-ի ցուցանիշը համեմատաբար բարձր է, քանի որ իր որեւէ հարեւանի կողմից «բլոկադայի» ենթարկված չէ:

«Քաղաքական իրողությունները, զարգացումները այն մեթոդոլոգիայով, որով տնտեսական կանխատեսումներ են իրականացնում, դրանց չեն ենթարկվում: Oրինակ՝ ով կարող էր ասել, որ «Սու-24»-ին կխփեին կամ շիա հոգեւորականին կսպանեին, թե ոչ»,- պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե 2016-ին Հայաստանում աղքատությունը քանի՞ տոկոսով կավելանա, տրանսֆերտները որքա՞ն կկրճատվեն, ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Գագիկ Մինասյանը: Պարոն Մինասյանը չցանկացավ որեւէ ցուցանիշի վերաբերյալ կանխատեսում անել, քանի որ տնտեսական իրավիճակը, նրա համոզմամբ, քաղաքական դրդապատճառներով կլավանա կամ կվատանա:

Գագիկ Մինասյանից հետաքրքրվել էինք, թե 2,2 տոկոս ՀՆԱ-ի պայմաններում, որը մեր երկրի համար այս տարվա հունվարի 6-ին կանխատեսել էր Համաշխարհային բանկը, որը նաեւ մեր բյուջեի պատասխանատուները հաստատել են եւ արձանագրել բյուջեում, անգամ այդ պարագայում չի՞ կարող կանխատեսել, թե աղքատությունը որքանով կբարձրանա, պարոն Մինասյանն ասաց, որ ինքը միեւնույն է՝ չի կարող այդ հարցին պատասխանել: Հիշեցրինք, որ անցյալ տարվա վերջին վարչապետից սկսած, մի շարք ոլորտների պատասխանատուներով վերջացրած՝ խոստովանել էին, որ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ աղքատությունը մեր երկրում կաճի:

Գագիկ Մինասյանն ասաց՝ համոզված չէ, որ Համաշխարհային բանկի հրապարակած տվյալներում արտացոլված են Ռուսաստան-Ուկրաինա, ռուս-թուրքական հարաբերությունները, նավթի գնի անկումը կամ բարձրացումը, Սաուդյան Արաբիայի եւ Իրանի հարաբերությունները:

Նշենք, որ համաձայն Համաշխարհային բանկի տվյալների՝ 2016-ին Բելառուսը կունենա -0,5 տոկոս համախառն ներքին արդյունք: Ղազախստանի ՀՆԱ-ն կլինի 1.1 տոկոս:
Պարոն Մինասյանին հարցրինք, թե ԵՏՄ անդամ այս երկու երկրներում ՀՆԱ-ի այսպիսի ցուցանիշներն ինչպե՞ս կազդեն ԵՏՄ անդամ Հայաստանի տնտեսության վրա, եւ արդյոք այդ երկրներում տեղի ունեցող բացասական ազդեցություններն իրենց հետքը կթողնե՞ն մեզ վրա: Պարոն Մինասյանի համոզմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը միանշանակ դրական է անդրադառնում, քանի որ «ԵՏՄ անդամ լինելու հանգամանքը մեզ ուղղակի լրացուցիչ դրական հնարավորություններ է տալիս»: Ինչ վերաբերում է Բելառուսի եւ Ղազախստանի տնտեսական վիճակին, ապա Գագիկ Մինասյանը կարծում է, որ մեր հիմնական գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, եւ Ռուսաստանի համեմատությամբ վերոնշյալ երկու երկրների հետ մեր ապրանքաշրջանառությունը չափազանց նվազ է. «Մեր ապրանքաշրջանառությունը, մեր տնտեսական կապերը, տրանսֆերտները Ռուսաստանի հետ կան ու կլինեն, անկախ այն բանից՝ մենք կլինեինք ԵՏՄ անդամ, թե ոչ: Քանի որ դրանք դեպի բացասական զարգացումներ են ունենում, այդ բացասական զարգացումները մենք կունենայինք՝ լինելով կամ չլինելով ԵՏՄ անդամ»:

Մեր այն հարցին, թե Համաշխարհային բանկը Վրաստանի համար կանխատեսել է 3 տոկոս ՀՆԱ՝ անցյալ տարվա 2,5 տոկոսի փոխարեն, սա պայմանավորվա՞ծ է այն հանգամանքով, որ Վրաստանը ԵՏՄ անդամ չէ, պարոն Մինասյանն ասաց՝ ոչ:
Նրա խոսքերով՝ Վրաստանում ՀՆԱ-ի համեմատաբար բարձր ցուցանիշը հիմնականում պայմանավորված է նրանով, որ Վրաստանն իր հարեւան որեւէ երկրի կողմից «բլոկադայի» չի ենթարկվում. «Վրաստանում որեւէ տնտեսվարող չի մտածում, որ Վրաստանում ներդրում անի, վաղը պատերազմ կսկսվի»:

Մեր այն հարցին էլ, թե պատճառներից մեկը կարո՞ղ է լինել, որ մեր հարեւան Վրաստանն ավելի շատ եվրոպամետ, ամերիկամետ տնտեսական քաղաքականություն է վարում, պարոն Մինասյանն ասաց. «Յուրաքանչյուր որոշում ունի իր գինը, եւ այն ուղղությամբ, որով գնաց Վրաստանը, ունեցավ ե՛ւ կորուստներ, ե՛ւ ձեռքբերումներ: Ընդ որում, հիմա նրա կողմից իրականացվող քաղաքականությունը շատ ավելի հավասարակշռված է, քան 7-8 տարի առաջ իրականացվող քայլերը, որի արդյունքում Վրաստանն ունեցավ անդառնալի կորուստներ, եւ այս առումով Վրաստանի տնտեսական աճի բաղադրիչներն այնպիսին են, որոնց համար Հայաստանում հիմքեր չկան: Վրաստանը տարանցիկ երկիր է այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Հայաստանն ու Ադրբեջանը, են, եւ դա արդեն զարգացման մեծ հնարավորություններ է տալիս»:

Գագիկ Մինասյանի խոսքերով՝ Վրաստանը եւս փորձում է դիվերսիֆիկացման շնորհիվ իր հնարավորությունները մեծացնել. «Խոսքն առաջին հերթին վերաբերում է գազին, որը նա ստանում էր միայն Ադրբեջանից, եւ հիմա ուզում է գազը նաեւ Իրանից ստանալ»:
Մեր այն դիտարկմանը, թե Համաշխարհային բանկը ՀՆԱ-ի ցածր տոկոս է կանխատեսել նաեւ Ադրբեջանի համար՝ 0,8 տոկոս, այս ցուցանիշից ի՞նչ կշահի կամ կտուժի Հայաստանը, պարոն Մինասյանն ասաց. «Այնպիսի տոտալ երկիր, որը Ադրբեջանն է, ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար կփորձի արտաքին թշնամու էֆեկտ ստեղծել»: Այսինքն՝ այս տարի եւս, Գագիկ Մինասյանի համոզմամբ, հայ-ադրբեջանական սահմաններում կունենանք լարվածություն. «Դրան մենք պետք է հավուր պատշաճի պատրաստ լինենք»:

Տնտեսագետը դժվարացավ կանխատեսել, թե այդպիսի ՀՆԱ-ի պայմաններում Ադրբեջանը կպահպանի՞ աճի տեմպերը, թե՞ ոչ, սակայն վստահ է, որ բանակի ծախսերի նվազում Ադրբեջանն իրեն թույլ չի տա:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031