Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաքսանենգ ճանապարհով բերված խոզի մսի գործով դատարանը թարգմանիչներին տեղյակ չի պահել

Հունվար 13,2016 15:00

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ «Բավրա» մաքսակետի աշխատակիցներ Ժորա Ասլանյանի եւ 10 ամբաստանյալների վերաբերյալ քննվող քրեական գործով ամենակարճ դատական նիստը: Թվում էր, թե սեպտեմբերին՝ ամբաստանյալներից մեկի հիվանդության պատճառով հետաձգված նիստից հետո դեկտեմբերին նշանակված նիստին ոչինչ չի խանգարի, այն կկայանա, սակայն նիստը հերթական անգամ հետաձգվել է, այս անգամ վրացի ամբաստանյալներ Միխեիլ Դանելիայի, Բադրի Գումբերիձեի՝ թարգմանիչներով ապահովված չլինելու պատճառով: Դատական դեպարտամենտի ներկայացուցիչների կողմից դատարան ուղարկած տեղեկատվության համաձայն` դատարանն իրենց ժամանակին տեղյակ չի պահել դատական նիստի օրվա եւ ժամի մասին:

Ուշադրություն դարձրեք՝ սեպտեմբերից դեկտեմբեր: Պաշտպանական կողմը դատական նիստի ժամանակ այդ կապակցությամբ հայտնել է իր դժգոհությունը, սակայն դատարանը, առանց որեւէ պատճառի ընդհատելով նիստը՝ հեռացել է դահլիճից: Այս ամենն իրավացիորեն ամբաստանյալների եւ նրանց շահերի պաշտպանների կողմից խիստ դժգոհության առիթ է տվել, քանի որ դատարանի կողմից հանդես բերած անգործությունը հանգեցրել է դատաքննության ողջամիտ ժամկետների կոպիտ խախտմանը: Ամբաստանյալ Ժորա Ասլանյանի պաշտպան Վահագն Մանուկյանը, գնահատելով իրավիճակը, «Առավոտին» ասաց. «Ըստ էության, ստացվել է մի իրավիճակ, երբ առանց դատավճռի՝ փաստացի ամբաստանյալները պատիժ են կրում, իսկ դատակոչի ենթակա վկաներից մեծամասնությունը դատարան չի ներկայանում»:

Նշեմ, որ ամբաստանյալներն արդեն երկու տարի է, ինչ գտնվում են կալանքի տակ: Մեղադրանքի կողմի համաձայն, Ժորա Ասլանյանը նախնական համաձայնության է եկել ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեի «Նախաբացթողումային հսկողության վարչության» Շիրակի բաժնի «Բավրա» բաժանմունքի մաքսային տեսուչ Ա. Գեւորգյանի, Տ. Խաչատրյանի, Ա. Ոսկանյանի եւ Կարեն Մկրտումյանի հետ, վերջինիս պատվերով` նրան պատկանող եւ անհատ ձեռներեց «Կարեն Մկրտումյան» տվյալներով ձեւակերպված 73.738 ԱՄՆ դոլար արժողության 26. 050 կգ սառեցված հավի միսն առանց մաքսային հսկողության մաքսակետով ՀՀ տեղափոխելու վերաբերյալ: Պայմանավորվածության համաձայն, Վրաստանի քաղաքացի Մ. Դանելիան իր «Վոլվո» մակնիշի OHO 725 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով 2013թ. դեկտեմբերի 28-ին ժամանել է Վրաստանի «Նինոծմինդա» մաքսակետի տարածք: Դանելիան մաքսակետում սպասել է մինչեւ դեկտեմբերի 31-ը: Այդ օրը Ա.Գեւորգյանը «Բավրա» մաքսակետում ըստ հերթափոխի ծառայության էր: Վրացին, մեղադրական եզրակացության համաձայն, նշված օրը հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ մուտք գործել «Բավրա» մաքսակետ: Տեսուչ Ա. Գեւորգյանը ձեւականորեն կատարել է իր ծառայողական պարտականություններին բնորոշ գործողություններ, սակայն կատարել խոշոր չափերով՝ 73.738 ԱՄՆ դոլարին համարժեք 29.911.082 ՀՀ դրամ ձեռքբերման արժեքով ապրանքով բեռնված բեռնատարի փաստացի բացթողում:

Մեկ այլ դրվագով, Ժ.Ասլանյանը նախնական համաձայնության է եկել Ա.Գեւորգյանի, Տ. Խաչատրյանի, Ա. Ոսկանյանի, Կ. Մկրտումյանի եւ Վ. Վարդանյանի հետ, Կ. Մկրտումյանի պատվերով 75.884 ԱՄՆ դոլար արժողության 27.952 կգ քաշով սառեցված խոզի միսն առանց մաքսային հսկողության «Բավրա» մաքսակետով ՀՀ տեղափոխելու վերաբերյալ: Բեռի ուղեկցող փաստաթղթերը ձեւակերպվել են Վ. Վարդանյանի անվամբ: Ապա Մ. Դանելիան իր բեռնատար ավտոմեքենայով 2014թ. հունվարի 19-ին բեռը փոխադրել է մաքսակետ, որտեղ Ա.Գեւորգյանը կատարել է բեռնատարի բացթողում:

Այս գործով կա մի դրվագ, որը կապված է ամբաստանյալներից Ջհանգիր Ապրեսյանի հետ: 2014թ. Ամանորի տոներից հետո Ապրեսյանը մեկնում է Թբիլիսի, որտեղ Թենգիզ անունով ձեռնարկատիրոջ հետ պայմանավորվում է 15.750 կգ քաշով սառեցված ձուկ ձեռք բերելու վերաբերյալ: Սակայն ձեռքբերման եւ արտահանման համար ուղեկցող փաստաթղթերը ձեւակերպում է ընկերոջ՝ Տ. Սեդրակյանի տվյալներով եւ կարողանում է 2014թ. հունվարի 10-11-ն ընկած ժամանակահատվածում՝ Երեւան քաղաքում վճարել որպես կաշառք պահանջված 2. 552. 540 ՀՀ դրամին համարժեք 6000 ԱՄՆ դոլար գումարը: 2014թ. հունվարի 21-ին վերոհիշյալ բեռնատարով կատարվում է պատվիրված բեռի փոխադրում մաքսակետով:

Վրաստանի քաղաքացի Բադրի Գումբերիձեին էլ մեղադրանք էր առաջադրվել, որ նա կարողացել էր առանց մաքսային պահեստ փոխադրելու, այլ վայրում բեռնատարի վրա առկա մաքսային ապահովումները պոկելու, Գյումրիի բնակիչ Վ. Գեւորգյանի տվյալներով ձեւակերպված 22.750 կգ ընդհանուր քաշով 27.500 ԱՄՆ դոլար արժողության մեքենայի յուղը փոխադրել Հայաստան:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 20-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031