Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանի դրայվը

Հունվար 13,2016 14:30

Մամուլով մեծ արձագանք ստացավ, երբ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «դրայվ ունի քաղաքի կառավարման համար» ու այդ դրայվով սկսեց աջ ու ձախ քանդել փոքր բիզնեսով զբաղվողների առեւտրի կրպակները՝ հաշվի չառնելով դրանք օրինական են, թե ոչ, դրանց նկատմամբ կադաստրում իրավունքներ կան գրանցված, թե՝ ոչ։ Ասում են, որ այդ պատճառով էլ հրաժարական տվեց, քանի որ բողոքի մեծ ալիք էր բարձրացել։
Քաղաքապետի այդ օրերի դրայվի զոհերից մեկն էլ Մաշտոցի պողոտայի եւ Մարգարյան հիվանդանոցի հարակից տարածքում դեռեւս 2003թ.-ից տեղադրված 20քմ մակերեսով կրպակի սեփականատերն էր։ Այդ կրպակի նկատմամբ սեփականության իրավունքն ու դրանով զբաղեցրած հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը գրանցված էր կադաստրում։

Երբ քաղաքապետարանի աշխատակիցները 2011թ. օգոստոսի վերջին սկսեցին քանդել կրպակը, սեփականատերն անմիջապես դիմեց վարչական դատարան՝ խնդրելով ձեռնպահ մնալ քանդման գործողություններից ու կիրառել հայցի ապահովման միջոց, դատարանն էլ բավարարեց միջնորդությունը, սակայն կրպակն արդեն քանդել էին եւ անհատ ձեռնարկատիրոջը մեկ օրում դարձրել ունեզուրկ։ Կրպակի քանդման պատճառով դատարանը գործի վարույթը կարճեց։

Քանդելուց ու տարածքն ազատելուց հետո էլ կադաստրում շարունակում էր հողամասի նկատմամբ գրանցված մնալ կրպակի սեփականատիրոջ վարձակալության իրավունքը, Երեւանի քաղաքապետարանն էլ նրանից գանձում էր հողի վարձը, իսկ ուշացնելու դեպքում՝ նախազգուշացնում։

Գտնելով, որ կրպակի քանդմամբ իր իրավունքները խախտվել են, սեփականատերը 2-րդ հայցով դիմեց վարչական դատարան, այս անգամ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել քաղաքապետարանի գործողությունները։ Մոտ մեկ տարի գործը քննելուց հետո վարչական դատարանը վճռեց գործի վարույթը կարճել, պատճառաբանելով, որ քաղաքապետարանը տվյալ դեպքում ոչ թե վարչարարություն է իրականացրել, այլ գործել է որպես վարձակալության պայմանագրի կողմ, հետեւաբար գործը պետք է քննվի ընդհանուր իրավասության դատարանում։ Այդ վճռով դատարանը հաստատված համարեց, որ քանդման ժամանակ հողամասի վարձակալության պայմանագիրը գործել է, որ քաղաքապետարանը պայմանագրից հրաժարվելու դեպքում առնվազն երեք ամիս առաջ պետք է այդ մասին ծանուցեր վարձակալին, որ 2011թ. օգոստոսին քանդելով կրպակը, օրենքի այդ պահանջը չի կատարվել։

Վարչական դատարանում 2-րդ գործի վարույթը կարճելուց հետո կրպակի սեփականատերը հայցով դիմեց ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով ապօրինի ճանաչել քաղաքապետարանի գործողությունները եւ հատուցել վնասները, որն ըստ լիցենզավորված անձի եզրակացության՝ մոտ 5 մլն դրամ է կազմում։ Հայցի հիմքում դրվեցին վարչական դատարանի վճիռը, կադաստրի տեղեկանքը, որի համաձայն՝ կրպակը քանդելուց մոտ մեկ տարի անց էլ դրա նկատմամբ սեփականության, իսկ հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը կադաստրում գրանցված է Ա/Ձ-ի անվամբ, ինչպես նաեւ նրա ու Երեւանի քաղաքապետարանի միջեւ 2011թ. օգոստոս ամսի գրագրությունը։

Առաջին ատյանի դատարանը քննելով թիվ ԵԿԴ/3193/02/13 գործը, հայցը մերժեց, պատճառաբանելով, որ քանդման ժամանակ վարձակալության պայմանագիրը չի գործել, ուստի քաղաքապետարանը երեք ամիս առաջ ծանուցելու պարտականություն չի ունեցել, իսկ վարչական դատարանի վճիռը նախադատելի ապացույց չէ։ Դատարանն ընդհանրապես չէր գնահատել կադաստրի տեղեկանքը։

Վճռի դեմ բերվեց վերաքննիչ բողոք, կրկին հիմնավորելով, որ քանդման ժամանակ հողի վարձակալության պայմանագիրը գործել է, որ այդ մասին կա կադաստրի տեղեկանք, որ դա հաստատված է նաեւ վարչական դատարանի վճռով, որը նախադատելի ապացույց է, որ գործի նյութերում առկա են անգամ կրպակը քանդելուց հետո քաղաքապետարանի ուղարկած գրություններ՝ հողի վարձը վճարելու պահանջով եւ այլն։ Վերաքննիչ դատարանն առաջինի պես հետեւություն արեց, որ կարճման մասին վճիռը վերջնական դատական ակտ չէ, այն դեպքում, երբ վարչական ու քաղաքացիական դատավարության օրենսգրքերի մի շարք հոդվածներից է բխում, որ կարճման վճիռը նույնպես գործն ըստ էության լուծող դատական ակտ է եւ հենց դրա համար է նույն վերաքննիչ դատարանը կարճման վճռի դեմ բերված բողոքը քննում 3 դատավորի կազմով, այլ ոչ՝ միանձնյա։ Ինչպես առաջին ատյանի դատարանը, վերաքննիչը նույնպես որեւէ ձեւով չանդրադարձավ կադաստրի տեղեկանքին ու չգնահատեց այն, կարծես նման փաստաթուղթ չի էլ եղել։ Բայց սրանք դեռ ծաղիկներն էին։ Վերաքննիչի գործը քննող դատավորները, հավանաբար վարակված լինելով նախկին քաղաքապետի դրայվով ու Ամանորից առաջ ադրենալինի պակասը լրացնելու ցանկությամբ, ոչ ավել, ոչ պակաս հաստատված համարեցին, որ կրպակը քանդվել է ոչ թե 2011թ. օգոստոսին, այլ՝ 2012թ. օգոստոսին, հետեւություն անելով, որ մեկ տարի առաջ հայցվորը ծանուցվել է, որ քաղաքապետարանը վարձակալության պայմանագրից հրաժարվում է, այսինքն՝ պահպանվել է այդ մասին 3 ամիս առաջ ծանուցելու պահանջը։ Սա այն դեպքում, երբ վարձակալը քանդման հետ կապված վարչական դատարան էր դիմել դեռեւս 2011 թ. օգոստոսին եւ 2012թ. գարնանը, երբ քաղաքապետարանն էլ է ընդունել, որ կրպակը քանդվել է 2011թ. օգոստոսին եւ ընդհանրապես քանդման տարեթվի ու ամսվա հետ կապված երբեւէ վեճ չի եղել։

ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

փաստաբան

Հ.Գ. Բացի դրայվն ու ադրենալինի պակասը լրացնելու նախատոնական պահանջը, վերաքննիչը նման ցուցադրական ապօրինություն արեց հավանաբար նաեւ այն պատճառով, որ ներքին համոզմունք ուներ, որ պրոսպեկտի վրա 20 քմ մակերեսով խանութ կարող էր ունենալ միայն շուստրի տղան, որի շուստրիությունը վերաքննիչը չտեսավ։ Սա է մեր իրականությունը. ինչ-որ պաշտոնյա դրայվի տակ կարող է կոշը գցի ու վարձակալածդ հողի վրա գտնվող օրինական խանութդ քանդի՝ մի ակնթարթում քեզ բիզնեսից ու եկամտի աղբյուրից զրկելով, իսկ դատարանն էլ ասի՝ լավ է արել։ Այն կազմով դատարանը, որի մոտ երբ գործերս ընկնում էին, գոհունակություն էի հայտնում, քանի որ կարող է օբյեկտիվ լինել։

«Առավոտ» օրաթերթ
12.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031