«Մի վայրկյան՝ մտածեմ՝ քանի երազանք ունեմ, նոր մոմ վառեմ, որ բոլորն էլ իրականանան» կամ՝ «Եկեղեցի մտնում ես ինչ անես, եթե մոմ չես վառելու…»: Այսպիսի արտահայտություններ կարող են լսել բոլորը եւ գրեթե ամեն օր: Տհաճ երեւույթ՝ մեր իրականությունում: Ցավոք, մարդկանց մեծամասնության շրջանում ձեւավորվել է թյուր կարծիք, թե մոմ վառելու միջոցով կարող են ազատվել գործած մեղքերից: Որտե՞ղ են թաքնված իրական պատճառները: Դա անտեղյակությո՞ւն է, թե՞ սնոտիապաշտություն: Թեմայի շուրջ զրուցեցինք Աշտարակի Սբ. Մարինե եկեղեցու ծառայող, Խաչիկ դպիրի հետ: Նրանից ստացանք որոշ հարցերի պատասխաններ՝ ի՞նչ խորհուրդ ունի մոմավառությունը, որքանո՞վ է ճիշտ եւ թույլատրելի եկեղեցու ներսում մոմավաճառությամբ զբաղվելը: «Աստվածաշնչի Ելից գլխում Աստված պատվիրեց Մովսեսին ձիթենու զուլալ ճյուղեր եւ անարատ ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի վկայության խորանում: Սուրբ Գիրքն ասում է նաեւ. «Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե մոմակալները, ճրագակալները, մոմ կտրելու մկրատները», այսինքն՝ Աստված ինքն է պատվիրել, որ եկեղեցում ծեսի ժամանակ մոմավառություն կատարվի: Սա մոմավառության ծիսական տարբերակն է: Ժողովրդի կողմից մոմ վառելու բարեպաշտական սովորությունը գալիս է նրանից, որ վաղ շրջանում հեթանոսների գործադրած հալածանքների պատճառով, որոնք տեւեցին երեք դարից ավելի, քրիստոնեական պաշտամունքները կատարվում էին գիշերով, ստորգետնյա եւ վերգետնյա գաղտնի աղոթատեղիներում ու մատուռներում, որտեղ բնականաբար մոմեր ու կանթեղներ էին վառում` շինության տարածքը լուսավորելու համար:
Հետագայում, երբ մոմ վառելու անհրաժեշտությունը վերացավ, սովորությունը մնաց՝ մարդկանց մեջ վերածվելով բարեպաշտական սովորության: Ներկա դրությամբ մոմավառությունը, ավանդությունից ելնելով, կամավոր նվիրատվություն է եկեղեցուն»,-նշեց նա: Ապա հավելեց. «Առաջին հայացքից տգեղ երեւույթ է եկեղեցում վաճառք իրականացնելը: Սակայն եկեղեցին ինքնաֆինանսավորվող մարմին է, ինքնաֆինանսավորումն էլ գոյանում է մոմավառությունից: Դժվար է գտնել բարերարներ, որոնք հանձն կառնեն հոգալ եկեղեցու ծախսերը: Եթե մեկ նախադասությամբ ամբողջացնենք՝ մոմ վառելով մենք ողորմություն ենք անում եկեղեցուն»: Անդրադառնալով մեր վերջին հարցին՝ Աստծո տուն գնալու գաղափարը չի՞ զիջել իր տեղը միայն մոմ վառելու սովորույթին, դպիրը պատասխանեց. «Սա ոչ թե իմ կարծիքն է, այլ իրականությունը: Ցավոք սրտի, հոգեւոր նպատակները գործողություններից դուրս են մղված: Եկեղեցին իր առաջ խնդիր ունի, քահանաները լծված են այն գործին, որ մարդկանց մեջ վերաիմաստավորվի իրենց կատարած գործողությունների բուն նպատակը: Չասենք բոլոր մարդկանց, բայց գերակշիռ մասի մոտ այդպես է…»:
ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի
«Առավոտ» օրաթերթ
12.01.2016