Սյուզի Գեւորգյանի ծեծը
հետաքրքրում է հիմնականում «ճակատի» համակիրներին
2016 թվականի սկիզբը նշանավորվել է նողկալի մի դեպքով: Ըստ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի` «հունվարի 5-ին, ժամը 19-ի սահմաններում, միջին տարիքի երկու ամրակազմ տղամարդիկ դարանակալել են «Նոր Հայաստան» ճակատի աջակից, ռուսաստանաբնակ Սյուզի Գեւորգյանին, հետապնդել են նրան, այնուհետեւ, վրա հասնելով, գետնին են տապալել եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխին, դեմքին եւ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»: 23-ամյա ակտիվիստի նկատմամբ հարձակումը, կարծում եմ, այն հանցագործություններից է, որը չի բացահայտվի: Ոչ թե այն պատճառով, որ ոստիկանությունը չի կարող դա անել, այլ որովհետեւ ծեծողներն, այսպես, թե այնպես, կապված են, ինչպես առաջ էին ասում, «օրգանի» հետ՝ նույնիսկ եթե պաշտոնապես ոչ մի «ուդո» չունեն եւ ներկայացնում են «թաղի խուժան» կոչվող անորոշ սոցիալական խումբը:
Բայց հիմնական պատճառը, թե ինչու չի բացահայտվի այդ հանցագործությունը, հասարակական անտարբերությունն է: Սա այն դեպքն է, երբ տարընթերցումները բացառված են: Եթե ակտիվիստն անում է ինչ-որ բան, որը, ոստիկանության տեսանկյունից, օրենքով թույլատրված չէ, եւ այդ առիթով ոստիկանի եւ ակտիվիստի միջեւ քաշքշուկ է առաջանում, ապա այստեղ կարելի է քննարկել, թե ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ: Բայց տվյալ դեպքում աղջիկը պարզապես դուրս է եկել խանութ, եւ հարձակվողները սպասում էին, հատուկ թիրախավորել էին նրան, ուրեմն այստեղ կարելի է խոսել ինչ-որ մեկի կողմից կազմակերպված «պատժիչ գործողության» մասին, անկախ նրանից՝ այդ գործողությունը թելադրված է զուտ քաղաքական, թե «կիսաանձնական» պատճառներով:
Նման գործերը կբացահայտվեն այն դեպքում, եթե բռնությունները միանշանա՛կ դատապարտվեն ոչ միայն ակտիվիստի քաղաքական կողմնակիցների, այլեւ բոլոր ազնիվ մարդկանց կողմից: Ես, օրինակ, չեմ համակրում «փրկության ճակատին» (սկսած այդ ամպագոռգոռ անունից), ես դեմ եմ հատկապես «իշխանության դեմ զինված պայքարի» ակնարկներին եւ ահաբեկչական մեթոդներին հակվածությանը, որը հայտնի է դեռեւս «Դրո» կառույցից: Բայց Սյուզիին ծեծելու հետ այս ամենը բացարձակապես կապ չունի՝ դա էլ է մարդկանց դեմ քստմնելի ահաբեկչության ձեւ:
Կարդացեք նաև
Ձեզ հայտնի՞ են գրողներ, նկարիչներ, արվեստի այլ գործիչներ, որոնք դատապարտել են այդ բռնությունը: Եթե կան, ապա նրանք շատ քիչ են: Որքան գիտեմ, նույնիսկ կուսակցությունները հանդես չեն եկել համապատասխան հայտարարություններով: Եվ եթե Սյուզիի վրա հարձակման մասին խոսում են միայն «ճակատի» համակիրները, ուրեմն ստացվում է, որ դա դա զուտ «ճակատի» գործն է, որին մնացած քաղաքացիները չեն ուզում խառնվել: Ահա թե ինչու իրավապահ մարմինների նկատմամբ բացարձակապես ճնշում չկա, որպեսզի այդ հանցագործությունը բացահայտվի:
Այդ երեւույթի պատճառը զուտ «սովետից» մնացած վախով բացատրելն, ինձ թվում է, բավարար չէ: Գուցե ավագ սերնդի մոտ կան «գիշերը դուռը ծեծելու եւ անհայտ ուղղությամբ տանելու» գենետիկորեն փոխանցվող վախերը: Բայց «սովետն» արդեն 25 տարի է՝ չկա, իսկ պաշտոնը կամ եկամուտը կորցնելու ռիսկը կա մարդկանց չափազանց նեղ շրջանակի մոտ: Բա մնացա՞ծը: Մնացածի մոտ նկատվում է ավելի վատ երեւույթ, քան վախն է՝ դա բութ անտարբերությունն է. «Հա, դե պարզ է, անտեր երկիր է, ի՞նչ կարաս անես»: Այդ բթությունն, ինձ թվում է՝ ավելի դժվար է հաղթահարել, քան վախը՝ «անտեր երկրի», «փչացած ազգի» եւ նույնիսկ «սրանց մեշոկով փողերի» մասին խոսակցությունները կարծես թե «փոխարինում են» քաղաքացիական դիրքորոշմանը:
Առաջ խոսում էին խոհանոցում, հիմա՝ Ֆեյսբուքում: Տարբերությունը մեծ չէ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.01.2016
Այս օրիորդին վիճակուած խոշտանգումը, եթէ պատահած է իսկապէս, յայտարարուած ձեւով (վերեւի յօդուածը անգամ սկսում է «Ըստ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի» իրաւացիօրէն զգուշ բառերով, քանզի սոյն «ճակատը» ընդհանրապէս հակում ունի իրականութիւնը խեղաթիւրելու), ինքնին տխուր եւ գայթակղեցուցիչ երեւոյթ է, անշուշտ:
Սակայն դէպքի նկատմամբ լռութիւնը արդեօ՞ք անտարբերութեան արդիւնք է…
Կարելի է նշել գոնէ երկու այլ բացատրութիւններ՝
ա. այդ չգիտեմ ինչի «ճակատի» յայտարարութիւններու նկատմամբ վերոյիշեալ թերահաւատութիւնը:
բ. այն իրապաշտ ըմբռնողութիւնը որ, տուեալ պայմաններում, խնդրոյ առարկայ «ճակատի» արտադրած անզուսպ, անմիտ եւ սանձարձակ վարքագիծը անխուսափելիօրէն արտադրելու է նաեւ այսպիսի ցաւալի դէպքեր – եւ թէ նոյնիսկ, այս տրամաբանութեամբ, կացութիւնը կրնար աւելի վատ լինել… –
բ. կէտի կապակցութեամբ, կարելի է աւելցնել հետեւեալը՝ այդ ծայրահեղական շարժումին համար ձեռնտու է, գործին կու գայ հաւանաբար որ այսպիսի շեղումներ տեղի ունենան: Այսինքին, իրենց մարտավարական միջոցներին մաս կը կազմէ միամիտ ջահելներ մղել դէպի այսպիսի միջադէպեր:
Այս ամէնի լոյսին տակ, զարմանալի չէ որ շատ մարդիկ շատ ել յուզուած չեն նիւթի առարկայ մօտաւոր տեղեկութիւնից:
Միայն թէ, այս ամենով հանդերձ իսկ, նորէն ալ կը մնայ վրդովանքի մի կէտ՝ թէ որ, այս ամէն խենթութեան մէջ, մէկը ծեծ է ստանալու, ինչո՞ւ այս խեղճ ու բարի աղջնակը… Թերեւս այստեղ է վախկոտութեան հարցը…
Հարգելի պարոն, այն բանից հետո, երբ ամեն ինչ ձախողած իշխանությանը ՛՛հաջողվեց՛՛ այս ծաղրանկար սահմանադրությունը փաթաթել մեր վզին, մտածում էի, որ Ձեր առաքելությունը ավարտված պիտի համարեք, սակայն ինչպես երևում է վերոգրյալ մեկնաբանությունից, 1937 թ. բոլշևիկյան մտածելակերպն ու հռետորաբանությունը միշտ Ձեզ հետ է, հակառակ դեպքում ինչպես է հնարավոր 21-րդ դարում նման մտքեր արտահայտել.
…խնդրոյ առարկայ «ճակատի» արտադրած անզուսպ, անմիտ եւ սանձարձակ վարքագիծը անխուսափելիօրէն արտադրելու է նաեւ այսպիսի ցաւալի դէպքեր…
/այսինքն՝ քաղաքացիական դիքորոշմանը հակազդելու համար բռնություն կիրառելը համարում եք նորմալ /
…իրենց մարտավարական միջոցներին մաս կը կազմէ միամիտ ջահելներ մղել դէպի այսպիսի միջադէպեր…
/ գտնում եք, որ ՛՛միամիտ ջահելն է մղվել դեպի միջադեպ /
…ինչո՞ւ այս խեղճ ու բարի աղջնակը…
/ արդյո՞ք չի նշանանակում, որ եթե ՛՛խեղճ ու բարի աղջնակի՛՛ փոխարեն որևէ ազատամարտիկի կամ պարզապես այլ քաղաքացու դեմ բռնություն կիրառվեր, դա քաջություն կհամարեիք/
Վատ չէր լինի, որ մեկ անգամ էլ ընթեցեիք, միգուցե ինչ որ բան փոխվե՞ր…
THE CONSTITUTION OF THE REPUBLIC OF ARMENIA
Article 3
The human being, his/her dignity and the fundamental human rights and freedoms are an u l t i m a t e value.
The state shall ensure the protection of fundamental human and civil rights in conformity with the principles and norms of the international law.
The state s h a l l be l i m i t e d by fundamental human and civil rights as a directly applicable right.
Յարգելի Պարոն Մախսուդյան,
«Նորմալ» չի նշանակում հաճելի, բաղձալի, նախընտրելի, իդէալական, եւ այլն.
Չի նշանակում ոչ իսկ ընդունելի:
Այս ըմբռնողութեամբ, այո – եւ ափսոս -, նորմալ է որ ծայրահեղ շարժումներ արտադրեն բիրտ շեղումներ, ամէն կողմից: Եւ կը կրկնեմ՝ այդ են ուզում առաջին հերթին իրենք իսկ, յեղափոխականները: Իրենց հիմնական տրամաբանութեան մաս է կազմում այդ: Իրենց ամբողջ բառամթերքը կը վերաբերի «հակառակորդի» դէմ բախումի, առճակատման նպատակներու: Բոլոր ճառերը՝ կռիւի կոչեր են, յարձակման սպառնալիքներ: Կռիւ եւ յարձակում՝ մինչեւ հակառակորդի անհետացումը…
Մտային նոյն կարգով՝ խորապէս անտրամաբանական է որ անձիք, որոնք իրենց էական առաքելութիւնն են նկատում հաստատուած կարգերի ու կանոնների ամբողջական քանդումը, տապալումը (յանուն աւելի լաւ կարգերի ու կանոնների, անշուշտ), պարբերաբար, ի նպաստ իրենց՝ ոգեկոչեն կարգ ու կանոնը, օրէնքները… Սահմանադրական գործընթացը հեգնող, ծաղրող, արհամարհող, ուրացող եւ վարկաբեկող անձիք, յանկարծ, երբ որ կարիքը նկատեն՝ նշեն Սահմանադրութիւնը…
Մարդ պէտք է որոշէ թէ ինչ է ուզում: Տարրական տրամաբանութեան հարց է:
Մինչ այդ՝ կը հնձենք, ինչ որ կը ցանենք:
Եթե ասում եք. ՛՛Սահմանադրական գործընթացը հեգնող, ծաղրող, արհամարհող, ուրացող եւ վարկաբեկող անձիք…՛՛, ապա խոսում եք իշխանության լծակները զավթածների մասին, իսկ եթե գտնում եք. որ քաղաքացիները պարտավոր են հպատակվել որևէ ճանապարհով ՛՛հաստատուած կարգերի ու կանոնների՛՛, ապա այդ տրամաբանությոան դեպքում, մարդկությունը պետք է որ դեռ դոփելիս լիներ քարե դարում:
Ինչ վերաբերում է դիմակավոր ու անդիմակ ջաևդարարներին, ապա նրանք ընդամենը հրահանգ կատարող տականքներ են, և եթե հանկարծ վաղը նրանք հրահանգ ստանան ՛՛քացու տակ գցել՛՛ ասենք՝ Հայդուկ Շամլեանին կամ Մարգար Մախսուդյանին կամ թեկուզ Արամ Աբրահամյանին, ապա նրանց չի հետաքրքրի ոչ նրանց քաղաքացիական դիրքորոշումը, ոչ էլ նրանց գործունեությունը, այլ միայն նրանց ՛՛աշխարհագրական կոորդինատները՛՛:
Մարգար, ջանանք իրարու լաւ հասկնալ՝ վստահ եղիր որ ես քեզմէ նուազ դժգոհ չեմ
տիրող կացութեամբ: Ոչ ել նուազ զզված: Սակայն չեմ հասկանում ի՞նչ իմաստ ունի տեւապէս գրգռել, բորբոքել երկրի ամենավատ, ամենավայրենի եւ ամենավտանգաւոր տարրերը, զանոնք – դիտումնաւո՛ր կերպով – մղել իրենց ամենավատ բնազդների գործադրման, եւ յետոյ զարմանք եւ ընդվզում ձեւացնել՝ որ այսպիսի ցաւալի դէպքեր են պատահում: Պարզ է թէ խօսքս քո մասին չէ, այլ անոնց, որոնք այս աղջնակին նման մատաղներ նետում են գայլերի գիրկը, եւ այդ ել՝ գիտակցաբար: Իսկ այդ գայլերն ալ աւելի չախալի հակումներ ունեն երեւի, քանզի ընտրում են այսպիսի խեղճ թիրախներ, փոխանակ երթան «հասկցվին» զայն փողոց նետողներին հետ…
Իսկ նաեւ մէկ ճշդում, եթէ թոյլ կու տաս՝ անվերջ լսում եմ այն վարկածը թէ արմատական ցուցարարների վրայ յարձակողները ուղղակի իշխանութեան գործակալներն են: Շատ օգտակար կ’ըլլայ որ գոնէ քո նման խելքը-գլխին մարդիկ սկսին դիմագրավել այն հաւանականութիւնը գոնէ որ կան քաղաքացիներ որոնք անձնական համոզումով, առանց յատուկ «հրահանգի» եւ լիովին ինքնաբուխ կերպով իշխանութեան համակիրներ են, նոյնիսկ երկրպագուներ, եւ ըստ այնմ գործում են իրենց բիրտ արարքները: Անկէ ետք, երազելը որ ոստիկանութիւնն ալ յատուկ ու արտակարգ ճիգեր է թափելու, հետապնդելու համար այդ քաղաքացիները, այլեւս շատ… երազային է… :
Այս աղջնակի վէրքերի առաջնահերթ պատասխանատուն անոնք են որոնք իր նման երեխաները մղում են դէպի անդունդ: Հրեշային մարտավարութիւն մը, որու գագաթնակէտը տեսանք Մարտ 2008-ին… Սակայն Սյուզին վստահաբար չի կարող ԱՄՆ երթալ, բուժում ստանալու համար…
Արամ, զիլ ես խփել Հայդուկի մազոլներին։ Ափսոս, որ առաջին Քրիստոնյա ազգը դեռ չի հասկացել մարդու արժեքը։ Բայց դու իսկապես կարող ես բան փոխել։ Ստորագլահավաք սկսի քո թերթի էջերում։ Բաց նամակ գրի բոլոր Հայաստանի վաստակավոր ու ժողովրդական կոչումնավորնորին, թող ստորագրեն հետևյալի տակ։
Անվերապահ դատապարտելով ահաբեկելու նպատակով հարձակումը էսինչ էսինչյանի վրա, պահանջում ենք պատկան մարմիններից ժամ առաջ հայտնաբերեն և արդարադատությանը հանձնեն բոլոր մեղավորներին։ Ամենքս Սյուզի ենք։
Հաստատ ոչ ոք չի ստորագրի։ Որովհետև չես տպի նամակը, Արամ հարգելի։