Ամանորյա տոներից հետո, տարբեր կերակրատեսակների չարաշահումից մեր օրգանիզմը կորցնում է իր բնականոն աշխատանքը: Այդ ընթացքում սննդի ոչ պիտանի նյութերը կուտակվում են օրգանիզմում եւ երբեմն օրգանիզմը նաեւ թունավորում: Օրգանիզմը թունավոր նյութերից մաքրող եւ դիմադրողականությունը բարձրացնող միջոցներ շատ կան: Դրանցից առավել արդյունավետները ներկայացնում ենք ստորեւ:
3 կիլոգրամ կտավատը լվանալ, չորացնել, աղալ: Ամեն առավոտ 3 թեյի գդալ կտավատի, 1 ճաշի գդալ մեղրի եւ 1 թեյի գդալ ձիթապտղի յուղի խառնուրդը խմել 1 բաժակ թեյի հետ եւ մինչեւ կեսօր ոչինչ չուտել: Այսպես շարունակել մեկ ամիս:
Հասարակ, բայց եւ շատ արդյունավետ միջոցով կարելի է ախտահանել` մաքրել օրգանիզմը: 1 ճաշի գդալ բուսական յուղը` նախընտրելի է արեւածաղկի, պահել բերանի խոռոչում` ատամնաշարին մոտ եւ կոնֆետի պես ծծել: Կուլ տալ չի թույլատրվում: 20 րոպե տեւողությամբ այս գործողությունը դժվարություն չի ներկայացնում: Սկզբում յուղը կարծես թանձրանում է բերանում, ապա դառնում է ջրիկ, հարկավոր է այն թափել, որից հետո բերանի խոռոչը ողողել: Արտանետված հեղուկը պետք է սպիտակ գույն ունենա, եթե դեղնավուն է, ապա գործողությունը պետք է երկար կատարել` 25-30 օր:
1 կիտրոնը ճզմել, հյութի վրա լցնել 250 միլիգրամ սառը կաթ, ավելացնել 3-4 թեյի գդալ շաքարավազ եւ լավ հարել` ցանկալի է հարիչով: Ընդունել օրը մեկ անգամ` ուտելուց հետո:
Կարդացեք նաև
Օրգանիզմը ճարպային ու կրային նստվածքներից մաքրող, կրծքահեղձուկը, ինֆարկտը կանխող եւ նյութափոխանակությունը կարգավորող դեղամիջոց է համարվում հետեւյալ բուսական հավաքով պատրաստած ըմպելիքը. 100-ական գրամ երիցուկը, արեւքուրիկը, անթառամը (կամ եգիպտացորենի մազիկները) եւ կեչու բողբոջները (կարող եք ձեռք բերել դեղատներից կամ դեղաբույսերի վաճառքի կետերից) խառնել իրար, աղացով մանրացնել եւ պահել ամուր փակված ապակե ամանում: Երեկոյան դեղաբույսերի խառնուրդի 1 ճաշի գդալը լցնել կես լիտր եռման ջրի մեջ եւ թրմել 20 րոպե: Ապա քամել կտորով եւ մզել: 1 բաժակ եփուկին ավելացնել 1 թեյի գդալ մեղր եւ խմել: Եփուկը ընդունելուց հետո ոչինչ չուտել եւ չխմել: Գործողությունը կատարել գիշերը: Առավոտյան մնացած հեղուկը տաքացնել, ավելացնել 1 թեյի գդալ մեղր եւ խմել նախաճաշից 15-20 րոպե առաջ: Այդպես ամեն օր, մինչեւ խառնուրդը վերջանա:
Օրգանիզմում կարեւոր նշանակություն ունի նաեւ երիկամների մաքրումը: 1 թեյի գդալ կտավատի սերմի վրա մեկ բաժակ ջուր լցնել եւ եռացնել այնքան, որ սերմերը փափկեն, եւ թուրմը թանձրանա: Այս թուրմը մաքրում է ինչպես երիկամները, այնպես էլ աղեստամոքսային ողջ տրակտը, արյունը, լյարդը: Կարելի է թուրմը պատրաստել ողջ օրվա համար եւ պահել թերմոսի մեջ: Խմել կեսական բաժակ օրվա ընթացքում` յուրաքանչյուր երկու ժամը մեկ: Քանի որ այն թանձր է, հարկավոր է խմելուց առաջ թուրմը լուծել տաք ջրի մեջ: Եթե կտավատի թուրմի համը շատ տհաճ է ձեզ համար, կարող եք ավելացնել մի քիչ կիտրոնի հյութ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
12.01.2016