«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանն այսօր Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված մեղադրանքի հայտնի գործով հարցաքննության էր հրավիրվել Քննչական կոմիտե: Ժիրայր Սեֆիլյանին ծանուցագիրը հանձնվել է այսօր առավոտյան՝ ոստիկանության ծառայողների միջոցով:
Հարցաքննության ավարտից հետո Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Կանչել էին հայտնի գործի շրջանակներում հարցաքննության նպատակով: Եթե հիշում եք, երկու ամիս առաջ նույնպես կանչել էին: Հերթական անգամ, ես կարծում եմ, փորձեցին սպառնալ, որ անձամբ ես իմ քաղաքական գործունեությունը դադարեցնեմ: Ես ասում եմ հերթական, բայց քննիչն ասում էր՝ վերջին անգամ: Այս բառերն օգտագործելով նա ասում էր՝ ձեզ զգուշացնում ենք: Եթե շարունակեք ձեր գործունեությունը, դուք նորից հայտնվելու եք ճաղերի ետեւում: Եթե նախորդ անգամ այդ միտքը ակնարկներով էր փոխանցվում, այս անգամ այդ բառերն ուղղակի փոխանցվեցին: Այս ամենը ես արձանագրել եմ տվել փաստաբանի ներկայությամբ: Պատմության համար պետք կգա: Նրանց խիստ մտահոգում է մեր ակտիվությունը:
Անշուշտ, մեր, հատկապես իմ, հավանական կալանքը պատճառաբանում են, որ ես իրավունք չունեմ քաղաքից բացակայելու եւ ամեն անգամ, երբ քաղաքից բացակայում եմ, պատշաճ ձեւով իրենց չեմ իրազեկում: Բայց այս անգամ ի զարմանս ինձ, նաեւ հիշատակվեց ամսի 8-ին արված մեր վերջին հայտարարությունը, որտեղ մենք քաղաքացիներին հուշում ենք, որ քաղաքացին իրավունք ունի պաշտպանվելու (խոսքը ժողովրդին զենքով ինքնապաշտպանվելու կոչի մասին է Ա. Հ.): Այդ հայտարարությունը, կարծես, այս համակարգին շատ է ցավեցրել եւ նրանք խիստ վրդովված են այդ հայտարարությունից: Եվ հստակ մատնացույց անելով այդ հայտարարությունը, նա (քննիչը Ա.Հ.) ուզում էր հասկացնել, որ այսպես շարունակվելու դեպքում դուք, անպայման, նորից հայտնվելու եք կալանքի մեջ: Եվ դա մի քանի անգամ ասում էր բառացի»:
Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ է մտադիր անել, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Մենք մեր գործունեությունը պիտի շարունակենք, իրենք՝ իրենցը: Եվ ժամանակը ցույց կտա, թե ով որտեղ է հասնելու: Ես համոզված եմ, որ ուշ թե շուտ, այս համակարգը փլվելու է: Մենք լինենք ազատության մեջ, թե բանտում, նշանակություն չունի: Մենք մեր պայքարից հրաժարվողը չենք»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ