Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում անցած տարի այս օրը Ավետիսյանների երեք սերնդից բաղկացած ընտանիքի դաժան սպանությունից հետո նրանց հարազատներից շատերը լքել են Հայաստանը: Սպանված տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի քույրերը դատական գործընթացներին մասնակցելու համար ամեն անգամ գալիս են ՌԴ-ից:
Անգամ դատական նիստի ժամանակ Ավետիսյանների փաստաբանները դատավորին նախազգուշացրեցին այնպիսի պարբերականությամբ նշանակել դատական նիստերը, որ ՌԴ-ից եկող հարազատները կարողանան մասնակցել, չընկնեն մեծ ծախսերի տակ: Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը, իր տունը վաճառել է ու հեռացել: Նա երկու օր առաջ է եկել քրոջ սպանված ընտանիքի հոգեհանգստին մասնակցելու: Ռիտա Պետրոսյանն այսօր լրագրողներին ասաց, որ վախենում է ապրել Հայաստանում, չի կարողանում դիմանալ նաեւ այս վշտին. անցնել քրոջ տան մոտով ու երբեմնի ուրախ տան դռները տեսնել կողպած:
Ի հիշատակ Ավետիսյանների՝ այսօր նրանց տուն, գերեզմանոց այցելելուց, հոգեհաց տալուց բացի, ժամը 17.00-ին Սուրբ Յոթ Վերք եկեղեցում հոգեհանգստի կարգ կատարվեց, որին մասնակցեց մեծ թվով գյումրեցիներ, պատգամավորներ, նաեւ հարազատները: Իսկ երեկոյան նրանց տան դիմաց տեղի ունեցավ մոմավառություն:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ