Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Հիմա այս երկու բանաձևերն են, հետո կլինեն ուրիշները»

Հունվար 12,2016 19:33

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին ընդառաջ՝ ՀՀ իշխանությունները այս օրերին լուրջ ջանքեր են գործադրում հակահայկական երկու զեկույցների ընդունումը ձախողելու համար: Ոչ միայն ԵԽԽՎ պատվիրակներն են հանդիպումներ ունենում, այլև պայմանավորվածություններ են ձեռք բերվում դիվանագիտական հարթությունում, ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ այս օրերին եվրոպական մայրաքաղաքներ են գործուղվել այս հարցերով բանակցություններ վարելու համար:

Հիշեցնենք, որ օրակարգում երկու հակահայկական զեկույց է ներառված` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերնագրերով:

Aravot.am-ը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց` այս աշխատանքները կարո՞ղ են արդյունավետ լինել: Նա պատասխանեց. «Չեմ կարող ասել` ինչ ձևաչափով են իրենք աշխատելու, բայց այնուամենայնիվ, մենք չպետք է հանձնվենք, քանի որ հիմա այս երկու բանաձևերն են, հետո կլինեն ուրիշները: Մենք պետք է դեմն առնենք»:

Մեր այն դիտարկմանը` ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը ԵԺԿ անդամներ են, իսկ ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է, և Սերժ Սարգսյանը բազմիցս մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովներին, ուստի դա իր լուծելու հարցն է, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Իհարկե, բոլորը պետք է զբաղվեն այդ գործով, ոչ միայն պատվիրակության անդամները, ոչ միայն մեկ կամ երկու հոգի, այլ հենց արտաքին դիվանագիտության ղեկավարի ուշադրության և անմիջական գործողությունների ներքո պետք է այդ հարցը գտնվի և ինքն անմիջապես զբաղվի»:

Մեր այն հարցին` իսկ եթե դա չի արվել, ապա այժմ իրականացվող գործողություններն ու բանակցությունները կարո՞ղ են արդյունք տալ, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել` արդյունք կտա, թե` ոչ, բայց չպետք է նահանջել: Սա այն բացթողումն է, այն ապաշնորհության պատճառը, որ հանգեցրել է այդ իրավիճակին: Զեկույցը մեկ օրում չի ծնվում, այլ տարիների գործունեության արդյունք է: Պետք էր հենց սկզբից կանխել, որը չի արվել»:

Հավելենք, որ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ ԵԺԿ խմբակցության բյուրոյի անդամ էր, սակայն, երբ նրան հեռացրին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից, նա մեխանիկորեն դուրս մնաց նաև բյուրոյից: Իսկ բոլոր բանաձևերը, այդ թվում նաև հակահայկականները, նախ քննարկվում են բյուրոյում, ինչպես նաև բյուրոյում ներկայացուցիչ ունենալու պարագայում է, որ հնարավոր է հասկանալ արդյոք կա՞ն հակահայկական տրամադրություններ, թուրք պատգամավորներն ի՞նչ փորացավ ունեն և այլն: Այժմ ԵԺԿ բյուրոյում մեր ներկայացուցիչը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ վայ says:

    Դե արի ու մի ասա, – իրենց ներքին տարաձայնությունների պատճառով զրկվել են կարևոր հնարավորությունից: Այստեղ են ասել ,,հայի խելք,, – որ մասով էին մտածում!

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031