Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. «Ինչքան ուզում է ուսումնասիրի, դատական ծախսերի փոխհատուցումը մենք ստանալու ենք»

Հունվար 12,2016 18:55

Վարչական դատարանում հունվարի 12-ին դատավոր Արման Թովմասյանը պետք է հրապարակեր Լեւոն Բարսեղյանի գործով վճիռը: Սակայն նա ասաց, որ պետք է վերսկսել քննությունը եւ ուսումնասիրել դատական վարչական գործը եւ պարզել գործի 9 նիստերին հայցվորի մասնակցությունը, որպեսզի պարզ դառնա նրա կրած նյութական վնասի չափը:

Հիշեցնենք՝ Լեւոն Բարսեղյանը պահանջում է ոստիկանությունից բարոյական վնասի փոխհատուցում մոտ երկու հազար եվրոյի չափով:

Դատական նիստ նշանակվեց սույն թվականի փետրվարի 22-ին:

Aravot.am-ի հետ զրույցում Լեւոն Բարսեղյանը դատարանի որոշումը անհեթեթ համարեց. «Փաստորեն ինքն իրենից ժամանակ է խնդրել, նորից պիտի ուսումնասիրի այդ գործը, ինչը բացարձակ անհեթեթություն է: Բան չունեմ ասելու՝ ինչքան ուզում է ուսումնասիրի, դատական ծախսերի փոխհատուցումը մենք ստանալու ենք: Այստեղ կլինի, կստանանք, վերաքննիչում կլինի կստանանք, վճռաբեկով կլինի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանով կլինի ես ստանալու եմ դատական ծախսերի փոխհատուցումը շատ հասարակ պատճառով, եթե չլինեին ոստիկանության ապօրինի գործողություններն իմ նկատմամբ մենք այդ դատական պատմության մեջ չէինք մտնի: Ոստիկանությունն ինձ անհանգստացրել է, հետո վարչական դատարանը ճանաչել է ոստիկանության գործողությունները որպես իմ սահմանադրական բազային իրավունքների խախտում, խոսքի ազատության, տեղաշարժի, հավաքների ազատության իրավունքների կոպիտ ոտնահարում է ճանաչել դատարանը:

Դրա համար եմ ես դիմել դատարան, որպեսզի ճանաչվի, եթե իրենք իմ իրավունքները չոտնահարեին, ինձ անտեղի տեղը չձերբակալեին, չբռնեին տանեին ոստիկանություն, չպահեին այնտեղ երեք ժամ, ես այդ դատական գործով ոստիկանության դեմ չէի դիմի: Տարրական բան է սա, հասարակ բան է: Իրենց թվում էր այն ժամանակ՝ 4 տարի առաջ, փաստորեն, թե ինչ կուզեն կանեն, հետո տակից դուրս կգան: Հիմա հասկանում են, որ այդպես տակից դուրս գալով չի լինում՝ մարդուն անհանգստություն են պատճառել, դատարանն աննախադեպ վճիռ է կայացրել՝ ճանաչելով այդ իրավունքների խախտման փաստը, հիմա դրանց բոլոր կատարված դատական ծախսերի փոխհատուցումը պիտի ես ստանամ: Ուր ուզում է դիմի, ինչ դատարան ուզում է լինի, ես վերջ ի վերջո դա ստանալու եմ, ուզում է յոթ անգամ հետաձգի իր վճռի հրապարակումը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031