Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կարող ենք նաև օգտվել տարածաշրջանում առկա հակասություններից». իրանագետ

Հունվար 12,2016 17:08

Իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ առանձնացրեց 2016 թվականին Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տեղի ունեցած երեք կարևոր իրադարձություն՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վատթարացում, Թուրքիայում քրդական հարցի սրում և Ադրբեջանի տնտեսական խնդիրներ՝ կապված նավթի գնի անկման հետ:

Նրա համոզմամբ՝ այս խնդիրները ՀՀ-ի վրա կունենան իրենց ազդեցությունը, քանի որ երեք պետությունները Հայաստանի հարևաններն են:

«Իրանական և հայկական անվտանգության համակարգերը շատ հարցերում միմյանց փոխլրացնում են, և Իրանի անվտանգությանն ուղղված սպառնալիքները որոշակիորեն ազդում են նաև Հայաստանի անվտանգության բաղադրիչների վրա: Եթե, օրինակ, Սաուդյան Արաբիայի և Իրանի հակամարտությունը հասնի այն կետին, որ սաուդցիներն սկսեն միջամտել Իրանի ներքին գործերին, հրահրեն տարբեր տեսակի հակաիրանական գործողություններ Իրանի այն շրջաններում, որոնք ունեն էթնիկական անջատողականության վտանգ (դրանից մեկն էլ մեզ անմիջապես սահմանակից Ատրպատականն է, որտեղ կա նաև թուրքալեզու բնակչություն), ապա դա ուղղակիորեն կազդի Հայաստանի անվտանգության վրա: Այս առումով Հայաստանը, Հարավային Կովկասում իրականացնելով Ադրբեջանի զսպման քաղաքականություն, փաստացիորեն նպաստում է Իրանի կայունացմանը մեր տարածաշրջանում, այսինքն՝ չեզոքացնում է Ադրբեջանից Իրանի հանդեպ առկա իրական վտանգը, թեկուզ նույն Ատրպատականի հարցում»,- նշեց Վարդան Ոսկանյանը՝ ընդգծելով, որ այս տեսանկյունից Իրանի շուրջ ցանկացած զարգացում մեզ համար հետաքրքիր է, և այդ զարգացումներին հետևելն ու արձագանքելը՝ չափազանց կարևոր:

Ինչ վերաբերում է Թուրքիայում քրդական հարցի սրմանը, իրանագետն այն ինչ-որ առումով արհեստական որակեց. «Քրդական հիմնախնդիրն արհեստականորեն սկսեց սրվել Թուրքիայում իշխող վարչակարգի կողմից: Էրդողանի վարչակարգն այս հարցն օգտագործեց, որպեսզի կրկնակի ընտրությունների ժամանակ կարողանա ապահովել իրեն անհրաժեշտ ձայները: Իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, և մինչև այսօր Թուրքիայի արևելյան շրջաններում, որոնք մենք անվանում ենք Արևմտյան Հայաստան, բախումները շարունակվում են, կան զոհեր»:

Դառնալով Ադրբեջանին՝ Վարդան Ոսկանյանը նկատեց, որ այդ պետության տնտեսական ներկայիս պայմաններում դժվար է ասել, թե ինչ վարքագիծ կդրսևորեն ադրբեջանական իշխանությունները. «Քանի որ Ադրբեջանն արհեստածին երկիր է, և նրա գոյության հիմնական գրավականը նավթն է ու դրանից ստացվող եկամուտները, ապա ակնհայտ է, որ նավթի գնի աննախադեպ անկումը կհանգեցնի այդ պետության ամրության սասանմանը»,- ավելացրեց նա:

Սակայն Վ. Ոսկանյանը տարածաշրջանային լարվածությունների մեջ ոչ միայն վտանգներ է տեսնում, այլև հնարավորություններ ՀՀ-ի համար. «Վերջինս այնպիսի տարածաշրջանում է գտնվում, որ կարող է լինել թե՛ փակուղի, թե՛ խաչմերուկ: Մենք այսօր իրական հնարավորություններ ունենք դառնալու տարածաշրջանային միջանցք՝ կապելով Ռուսաստանի էներգետիկ համակարգը Իրանի էներգետիկ համակարգին և ընդգրկել նաև Վրաստանին: Մենք ունենք լրջագույն հնարավորություն՝ հաշվի առնելով վրաց-իրանական վերջին համաձայնությունը՝ իրանական գազը Վրաստանին մատակարարելու հետ կապված, և իրանական կողմի ցանկությունը՝ դա իրականացնել Հայաստանի վրայով, այլ ոչ թե Ադրբեջանի: Մենք հնարավորություններ ունենք օգտվելու տարածաշրջանում առկա հակասություններից և օգտագործել դրանք ի նպաստ մեզ: Խոսքը, նախ և առաջ, Իրանի հզորացման մասին է, ինչի արդյունքում Հայաստանն ունի բավականին լավատեսական սցենարներ»,- ընդգծեց Վ. Ոսկանյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031