Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանը հայտարարել էր, որ վերջին շրջանում Հայաստանում ավելացել են ռուսական համարանիշներով ավտոմեքենաները եւ նրանք միտումնավոր խախտումներ են կատարում ու պատասխանատվության չեն ենթարկվում:
Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, փոխգնդապետ Արման Չիլինգարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այս խնդրին, ասաց որ այս դեպքում պատասխանատվության կենթարկվի այն անձը, որը Հայաստան է ներմուծել մեքենան: «Մեխանիզմը հետեւյալն է. ծանուցումները էլեկտրոնային համակարգով հասանելի կդառնան սահմանապահ ծառայության աշխատակիցներին: Սահմանը հատելիս աշխատակիցները կտեղեկացնեն, որ կա վարչական վարույթ: 2 ամսվա ընթացքում վճարելու դեպքում խնդիրներ չեն ունենա»:
Տուգանքը 2 ամսվա ընթացքում չվճարելու դեպքում մեքենայի սեփականատերը 1 տարով կզրկվի Հայաստան մուտք գործելու իրավունքից: «Խոսքն այն մասին է, երբ պատասխանատուն Հայաստանի քաղաքացի չէ: Իսկ եթե Հայաստանի քաղաքացի է, ապա ծանուցումը կկատարվի նույն կերպ ինչպես Հայաստանում գրանցված մեքենաների դեպքում»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կլինի այն դեպքում, երբ Հայաստանում չգրանցված մեքենան տեւական ժամանակ է այստեղ եւ չի հատում սահմանը: Արման Չիլինգարյանը պատասխանեց, որ Հայաստանում որեւէ վայրում բնակվելու դեպքում օտարերկրացիները պետք է տեղեկացնեն ՀՀ իրավասու մարմիններին: «2 ամսից ավել Հայաստանում գտնվող մեքենան պետք է հաշվառվի ՀՀ ոստիկանությունում: Այս դեպքում նրանք հասցե կունենան եւ այդ հասցեով կուղարկվեն խախտումների մասին տեղեկանքները»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ կլինի այն դեպքում, երբ օտարերկրյա քաղաքացին մեքենան ներմուծի Հայաստան, այն թողնի ՀՀ որեւէ քաղաքացու մոտ, հեռանա եւ այդ մեքենայով անընդհատ խախտումներ կատարեն: Արման Չիլինգարյանը պատասխանեց, որ տեւական ժամանակ խախտումներ արձանագրվելու դեպքում եւ մեքենան ներմուծած քաղաքացու՝ Հայաստան մուտք չգործելու դեպքում մեքենայի նկատմամբ հետախուզում կհայտարարվի եւ կպարզվի, թե ով է դրա վարորդը:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ