Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա՛մ Ադրբեջանը կգա գիտակցության, կա՛մ կստիպեն նրան գալ գիտակցության». Թեւան Պողոսյան

Հունվար 12,2016 16:08

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայացած իր եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման հետ կապված հայտարարել էր, որ դա ձեւական բնույթ է կրել:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Թեւան Պողոսյանն ասաց. «Չի լինում, չէ՞, որ մի կողմը ձեւական է գնում հանդիպման, մյուս կողմը՝ լուրջ: Ես չգիտեմ ձեւական ասելով նա ի՞նչ նկատի ուներ՝ հայկական կողմի այնտեղ ձեւական լինելը, թե՞ ադրբեջանական: Կարծում եմ, Ալիեւի համար ցանկացած այս տեսակի հանդիպում ձեւական է: Հենց ինքն է պրոբլեմը: Եթե նա այդ հանդիպումներին լուրջ չի վերաբերվում, դա չի նշանակում, որ Ադրբեջանը չի ցանկանում ունենալ բանակցային գործընթաց՝ խաղաղ միջոցներով գտնելու հիմնահարցի լուծումը: Մենք մեր պահանջները պետք է ձեւավորենք, ինչ անենք, որ հայկական շահերը առաջ տանենք, հայանպաստ լուծումներին կարողանանք հանգել: Կա պատերազմ առաջնագծում, որը պետք է պատվով տանենք, մեր հաղթանակը ապահովենք: Այդ ընթացքում աշխարհը երեւի կգիտակցի Ադրբեջանի այդ վերաբերմունքը եւ կսկսի փոխել իր մոտեցումները: Մենք պետք է ավելի շատ մտահոգվենք մեր ներքին խնդիրների լուծմամբ, տնտեսության զարգացմամբ: Եթե մարդը ձեւական է վերաբերվում այդ հանդիպումներին, մենք ի՞նչ կարող ենք անել, ժամանակը պետք է մեր օգտին աշխատեցնենք, որովհետեւ ուղղակի ձեռքերը ծալած սպասելն էլ օգուտ չի բերի: Պետք է աշխատանք տանենք ու այդ ընթացքում կա՛մ Ադրբեջանը կգա գիտակցության, կա՛մ կստիպեն նրան գալ գիտակցության»:

Tevan_Pogosyan

Ըստ Թեւան Պողոսյանի, Ալիեւն իր պահվածքով ստիպում է, որ բոլոր համանախագահները, միջազգային հանրությունը փոխեն իրենց վերաբերմունքը, դրա համար նման հանդիպումներից շահող կողմը դուրս է գալիս Հայաստանը. «Մի բան պետք է գիտակցենք՝ բանակցային սենյակ մտնելուց առաջ մեր բանակը այնպիսի իրավիճակ է ձեւավորել առաջնագծում, որ հայկական բանակցողները կարողանում են հաղթողի նման մտնել սենյակ եւ թույլ չեն տալիս, որ Ադրբեջանն այնտեղ բարձր դիրքերից հանդես գա: Ալիեւը իր բոլոր հայտարարություններով, որ եթե որեւէ օգուտ չլինի, ինքը ռազմական միջոցներով է հարցը լուծելու, այսօրվա դրությամբ ապացուցում է ամեն օր, որ չի կարողանալու հարցը լուծել: Բոլորի մոտ էլ ձեւավորվել է այդ գիտակցությունը, որ Ադրբեջանը չունի այն ռազմական պոտենցիալը, որ կարողանա ռազմական միջոցներով խնդիրը լուծել: Որպեսզի այդ իրավիճակը չփոխվի, մենք պետք է զբաղվենք մեր ներքին խնդիրներով, մեր տնտեսության հզորացմամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031