Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի քվեարկությունից կերևա` Սերժ Սարգսյանին բանի տեղ դնում են, թե` ոչ»

Հունվար 12,2016 15:14

Հունվարի 25-ին կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Նստաշրջանի օրակարգում ներառված է երկու հակահայկական զեկույց` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերնագրերով: Մեկը ԼՂՀ-ի, մյուսը` Սարսանգի ջրամբարի վերաբերյալ է: ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներն այս օրերին հանդիպումներ են ունենում տարբեր երկրներում ԵԽԽՎ տարբեր պատվիրակների հետ, որպեսզի պայմանավորվածություններ ձեռք բերեն կամ «դեմ» քվեարկել այս հակահայկական զեկույցներին, կամ «կողմ» հայկական կողմի արած առաջարկություններին: Սակայն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ թեև իրենք իրենց աշխատանքն են անում, սակայն լավատես չեն, թե իրենց կհաջողվի կասեցնել կամ օրակարգից հանել այդ նախաձեռնությունները:

Aravot.am-ի հետ զրույցում Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրեց, որ, օրինակ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն արդեն նախաձեռնել է ԵԽԽՎ ALDE խմբի պատվիրակների հետ հանդիպումներ. շեշտադրումը այն է լինելու, որ կամ «դեմ» քվեարկեն այդ զեկույցներին, կամ «կողմ» մեր առաջարկություններին:

Վլադիմիր Կարապետյանը փաստեց, որ ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը ԵԺԿ-ից են, որի անդամ են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Ուստի ըստ պարոն Կարապետյանի` Սերժ Սարգսյանն այստեղ անելիք ուներ. «Սերժ Սարգսյանը տարին 4 անգամ մասնակցում է ԵԺԿ գագաթաժողովներին: Ոչ մի երկրի ղեկավար նման ակտիվությամբ չի մասնակցում: Թող գնա այնտեղ հարցը կարգավորի, որի արդյունքում պատվիրակները հանձնարարություն ստանան, ու վերջ, այդ զեկույցները չեն անցնի»:

Մեր հարցին` ինչո՞ւ չի արվում, պարոն Կարապետյանն այսպես արձագանքեց. «Պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանն ունակ չէ: Ինչո՞ւ է ժողովուրդն աղքատանում, գնում Հայաստանից, օլիգարխիան ծաղկում, ԶԼՄ-ների 95 տոկոսը իշխանամետ են: Սրանք նույն համատեքստում են: Սերժ Սարգսյանը ունակ չէ ոչ մի բան անելու, որ գնում էլ է տարբեր երկրներ, հայերեն է խոսում հայկական լսարանի համար, նա չի խոսում եվրոպական լեզվով եվրոպական խնդիրների վերաբերյալ: Ինքն իր փիառն է անում: Երկկողմ հանդիպումների նրան չեն կանչում, ինքը չի կարողանում նորմալ այց իրականացնել, օրինակ գնում է Իտալիա, վարչապետն իրեն չի ընդունում: ԵԺԿ գագաթաժողովներին Սերժ Սարգսյանը իրականում ոչ թե մեր երկրի շահն է ներկայացնում, այլ իր շահերն է հետապնդում, այն դեպքում, երբ այդ կուսակցության ներկայացուցիչներն են ԵԽԽՎ-ում որոշում կայացնողները»:

Վլադիմիր Կարապետյանը նշեց, եթե Սերժ Սարգսյանն այդ հարցերով մտահոգված լիներ, ապա գոնե մեկ անգամ մտահոգություն հայտնած կլիներ, որ ՀՀ-ն դատարկվում է, կամ Հովիկ Աբրահամյանի ինտելեկտի տեր մարդու վարչապետ չէր նշանակի:

Մեր այն դիտարկմանը` փաստորեն այս իրավիճակում ինչքան էլ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները ջանքեր գործադրեն, միևնույն է՝ լուրջ ակնկալիքներ ունենալ չե՞նք կարող, պարոն Կարապետյանն արձագանքեց. «Նորից եմ կրկնում, ԵԽԽՎ պատվիրակների մեծ մասը ԵԺԿ ներկայացուցիչներ են: ՀՀԿ ղեկավարը անցյալ տարի չորս գագաթաժողովի է մասնակցել, իր ելույթներով հանդես եկել: Եվ այդ գագաթաժողովներին գնում են մեծ պատվիրակություններով: Եթե կարողություն և կամք կա, ապա այդ բոլոր հնարավորությունները պետք է օգտագործվեն, պատվիրակների հետ համապատասխան աշխատանք տարվի, որ մարդիկ գնան ու քվեարկեն այնպես, ինչպես իրենց կուսակիցներն են խնդրում, ինչպես դա ամառային նստաշրջանի ընթացքում արեց Լևոն Զուրաբյանը ALDE խմբի պարագայում: Բայց ALDE-ն, ի տարբերություն EPP-ի, փոքր խումբ է: Ուստի հիմա հունվարյան նստաշրջանի քվեարկությունից է կախված` արդյոք Սերժ Սարգսյանին բանի տեղ դնում են, թե`ոչ, արդյոք իրենց հորդորներին լսում են, ունե՞ն պատշաճ հեղինակություն, որ կարողանան հարց լուծել, թե՞ իրենք պարզապես պետության փողերով գնում են կուսակցական ժողովների ու մեր քաղաքական հարցերի համար ելույթ ունենում»:

Ըստ Վլադիմիր Կարապետյանի` արդեն ուշ է զեկույցները օրակարգից հանել-չհանելու մասին խոսել, քանի որ դրա մասին պետք էր վաղուց մտածել, օրինակ` ԵԺԿ գագաթաժողովներից մեկում Սերժ Սարգսյանը պետք է հայտարարություն աներ, թե մենք միահամուռ պետք է պայքարենք նման հարցերի դեմ, որոնք վնասում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ընթացող գործընթացին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031