Փաստաբան Նորայր Նորիկյանը հունվարի 12-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով Ավետիսյանների ընտանիքի սպանության եւ դատավարության մասին, նշեց, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 102-րդ ռազմաբազայի տարածքում արտագնա նիստ իրականացնելու մասին ապօրինի որոշում է ընդունել:
«Իրավանորմը հնարավորություն չի տալիս դատարանին արտագնա դատական նիստ իրականացնել Հայաստանի Հանրապետության իրավազորության տարածքից դուրս գտնվող որեւէ այլ տարածքում: Այսինքն՝ վաղը, մյուս օրը այս կանխավարկածով որեւէ մեկ այլ դատարան կարող է պատճառաբանել, որ արտագնա դատական նիստ պետք է իրականացվի Ֆրանսիայի դեսպանատանը կամ երեւանյան սրճարաններից մեկում, եւ դա պատճառաբանի արդարադատության արդյունավետության շահերից: Ես կարծում եմ՝ հասկանալի է ընդունված որոշման ենթատեքստը, բայց այստեղ խնդիրը լուծվել է էլի մեր ինքնիշխանության զիջելու հաշվին»,- ասաց նա:
Նորայր Նորիկյանը նկատեց, որ Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ռազմաբազայում Հայաստանի Հանրապետության անունից հրապարակվելու է դատավճիռ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու վերաբերյալ. «Ենթադրենք, որ մեղադրական դատավճիռ է հրապարակվում Պերմյակովի վերաբերյալ, հարց է առաջանում՝ որտե՞ղ է կրելու իր պատիժը Հայաստանի Հանրապետության անունից հրապարակված դատավճռով պատժի ենթարկված Վալերի Պերմյակովն այն դեպքում, երբ Ռուսաստանի Դաշնության դատարանի կողմից նա արդեն իսկ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման»:
Նա նշեց, որ Քրեակատարողական վարչության համապատասխան հանձնաժողովն է որոշում, թե անձն իր պատիժը որ քրեակատարողական հիմնարկում պետք է կրի: Նորայր Նորիկյանին հետաքրքիր է, թե արդյոք այդ հանձնաժողովն է որոշելու, թե որ քրեակատարողական հիմնարկում է Վալերի Պերմյակովն իր պատիժը կրելու, որը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության անունից. «Եթե այդ մարմինը չի որոշելու, չեմ ուզում կոպիտ արտահայտվել, քանի՞ կոպեկի արժեք ունի դատական ակտը: Ապա ո՞վ է որոշելու եւ ո՞ր երկրի օրենսդրությամբ է կարգավորվելու այս հարցը: Կարո՞ղ են արդյոք իրավասու մարմինները, չգիտեմ, ես կուզեի, որ իրավասու մարմինները համապատասխան պարզաբանումներ տան, Հայաստանի Հանրապետության հրապարակված դատական ակտը, ուժի մեջ մտած դատական ակտը որտե՞ղ պետք է կատարվի եւ ո՞վ է լինելու կատարող մարմինը: Ավելին՝ ստացվում է, որ Պերմյակովը երկու տարբեր պետությունների դատարանների կողմից դատապարտվելու է ազատազրկման տարբեր պատժաչափերով»:
Կարդացեք նաև
Նորայր Նորիկյանը նաեւ նկատեց, որ Պերմյակովը, եթե դատապարտվի, դա կնշանակի, որ նա որոշակի իրավունքներ ունի, այդ թվում նաեւ ներման իրավունքի. «Խելագարի կանխավարկածով եմ առաջնորդվում եւ ասում եմ՝ Պերմյակովն ունի ներման իրավունք, նա ո՞ւմ պետք է դիմի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի՞ն, թե՞ Ռուսաստանի Դաշնության նախագահին, ո՞ր երկրի նախագահին պետք է դիմի: Այլ հարց է, իրեն կներեն, թե չեն ների, խնդիրը հետեւյալն է՝ դատապարտյալն ունի իրավունք, ո՞ր երկրում կարող է իրացնել: Ավելին՝ եթե նշված անձը պատժի կրման ընթացքում ձեռք բերի պատժի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդություն ո՞ր երկրի մարմինը կամ ո՞ր երկրի դատարանն է որոշելու նրան պատժից ազատելու հնարավորության հարցը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ