ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում այսօր տեղի ունեցավ բանասիրական ֆակուլտետի 1993 թ. շրջանավարտների «Մեր գիրքը» գրական ժողովածուի շնորհանդեսը: Այն ներառում է տարբեր ժանրերի ստեղծագործություններ: Հետաքրքիր է, որ գրքի խմբագիրը, նկարիչը, հովանավորը՝ բոլորը համակուրսեցիներ են եղել: Նրանք այսօր էլ միասին են. չնայած որոշները արտասահմանում են՝ շփվում են սոցիալական ցանցում ստեղծված խմբում: Գիրքը լույս է տեսել Ջոն Թորոսյանի ֆինանսավորմամբ: «Այս գաղափարը կուրսի նախորդ հանդիպման ժամանակ ծագեց: «Ֆեյսբուքում» տեսա, որ համակուրսեցիներիցս շատերը ստեղծագործում են, եւ որոշեցինք այդ ամենը մեկ գրքում հավաքել: Իմ ստեղծագործություններից էլ մի քանի բանաստեղծություններ են ներառված՝ հայրենիքի, սիրո եւ մարդու մասին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ջոն Թորոսյանը: Նա, ի դեպ, անտիպ բանաստեղծություններ ունի:
Գրքի խմբագիր Վանո Եղիազարյանն էլ ժողովածուն անվանեց «Հայի ճակատագրի գիրք»: «Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող մեր համակուրսեցիներից 22-ն ի մի են բերել իրենց ստեղծագործությունները եւ հրատարակել: Հիշում եմ, որ համակուրսեցիներիս մի մասն ԱՄՆ-ից էր եկել ԵՊՀ՝ սովորելու: Այսօր նրանք ճակատագրի բերումով տարբեր երկրներում են բնակվում, բայց սերտ գործակցում են, միշտ կապ ենք պահպանում: Այսքան տարիներ մեզ սերն է միավորում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վանո Եղիազարյանը:
Գրքում ընթերցողը կգտնի քառյակներ, նովելներ, ակնարկներ, բանաստեղծություններ, անգամ Արցախի բարբառով ստեղծագործություններ, արեւմտահայերենով թարգմանություններ: Նշենք, որ մի շարք բանասերների ստեղծագործություններ տեղ չեն գտել ժողովածուում, ուստի բացառված չէ, որ առաջիկայում եւս մեկ գիրք լույս կտեսնի:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ