«Ցավոք սրտի, պատասխանների փոխարեն ավելի են շատացել հարցերը»,- դեկտեմբերի 12-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Ավետիսյանների ընտանիքի սպանության տարելիցին, ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:
Նա նշեց, որ իր համար հարց է, թե արդյոք հայկական կողմին հաջողվե՞ց այդ քրեական գործի ճակատագիրը տնօրինել ինքնիշխան պետությանը բնորոշ գործիքակազմերի օրինական ե ամբողջական գործադրման միջոցով, թե՞ ոչ. «Ցավով պետք է արձանագրենք, որ քրեական գործի ոդիսականը ավելի շատ որոշվեց քաղաքական համաձայնությունների տիրույթում, ինչը որ նշանակում է, որ իրավաբանությունը կամ արդարադատության իրականացման բուն գործընթացը, եթե չի կրել կամ չի կրում ձեւական բնույթ, գոնե առերեւույթանում է բարձր մակարդակի պայմանավորվածությունների արդյունքում: Ճիշտ է, թե սխալ, այլ հարց է, ինձ բոլորովին այլ հարց է մտահոգում՝ ունա՞կ է արդյոք մեր պետությունը իրացնելու իր իրավունքները եւ չեզոքացնելու ինքնիշխանությանը նետված որեւէ մարտահրավեր, թե՞ ոչ: Ես կարծում եմ՝ այս ասպարեզում մենք շատ լուրջ գործ ունենք անելու»:
Նորայր Նորիկյանը հավելեց, որ տվյալ գործով նախաքննությունը ի սկզբանե պետք է իրականացնեին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինները: Իսկ Պերմյակովը պիտի քրեական պատասխանատվության ենթարկվեր Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով եւ իր պատիժը կրեր համապատասխան քրեակատարողական հիմնարկում. «Իմ խորին համոզմամբ՝ թույլ տրվեցին հետեւյալ կոպտագույն սխալները՝
1. Հնարավորություն տրվեց Պերմյակովին հայտնվել Ռուսաստանի Դաշնության զորքերի իրավասության տեսադաշտում եւ հանձնվել ՌԴ ներկայացուցիչներին, հարց է մենք կարո՞ղ էինք նրան մինչեւ հանձնվելը վերցնել, թե՞ ոչ, ես կարծում եմ, որ կարող էինք, մեր իրավասու մարմիններն այդպիսի հնարավորություններ ունեցել են:
Կարդացեք նաև
2. Հնարավորություն տրվեց ռուսական ռազմաբազայի զինծառայողներին մինչեւ ատամները զինված շրջել Գյումրի քաղաքում եւ չակերտավոր որոնել հանցագործությունը կատարած անձին: Սա ընդհանրապես իրավաբանությունից դուրս գործընթաց է եղել՝ այլ պետության իրավասու մարմինները մեկ այլ պետության տարածքում որոնում են հանցագործին: Ուղղակի տրամաբանությունից դուրս գործողություն:
3. Թույլ տրվեց, որ հայտնաբերվելուց հետո Պերմյակովը տեղափոխվի ռուսական ռազմական բազա:
Հարցերի հարցն այս պարագայում հետեւյալն էր՝ եթե հանցագործությունը կատարվել էր ՀՀ տարածքում ի՞նչ կապ ուներ եւ ի՞նչ իրավասություններ ուներ անկախ, ինքնիշխան Հայաստանի տարածքում ՌԴ Սահմանադրությունը եւ նրա 61-րդ հոդվածը: Այդ կապը հստակորեն ընդգծվում էր ՌԴ եւ ՀՀ իրավապահ մարմինների մոտ մինչեւ այն պահը, երբ Բաղրամյան պողոտայում սկսվեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ երիտասարդության պայքարը: Հենց այդ ժամանակ էլ բոլորովին անսպասելի հայտարարվեց, որ Պերմյակովի վերաբերյալ հարուցված քրեական գործը կհանձնվի ՀՀ իրավասու մարմիններին, ասել է, թե ՌԴ Սահմանադրության 61-րդ կետն այլեւս պիտանի չէր օգտագործման համար»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ