Դեկտեմբերի 1-ից մինչեւ հունվարի 10-ը շտապօգնության կանչերի թիվը Երեւան քաղաքում կազմել է 9611. այս ցուցանիշն, ըստ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 830 կանչով ավելի է:
Տիկին Ստեփանյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց, որ անցյալ տարի Ամանորի 10 օրերին շտապօգնության կանչերը եղել են 8781: Մեր հարցին՝ թե ինչո՞վ է պայմանավորված այս տարի կանչերի ավելացումը, տիկին Ստեփանյանն ասաց, որ պատճառը բնակչության շրջանում տարածված խուճապն է խոզի գրիպի հետ կապված:
Ստեփանյանի դիտարկմամբ, մարդիկ անգամ ոչ կարեւոր ու վտանգավոր դեպքերում էլ շտապօգնություն էին կանչում, մինչդեռ, ըստ Ստեփանյանի, կարող էին դիմել պոլիկլինիկա. «Նույն հիվանդները կանչել են թոքերը լսելու կամ հետազոտելու համար, բայց կարող էին պոլիկլինիկաներ դիմել եւ ամբողջ ծանրաբեռնվածությունը չէր ընկնի շտապօգնութան վրա: Մենք առաջնային սպասարկել ենք այն հիվանդներին, որոնք հրատապ էին՝ երեխաներին եւ երբ կյանքին վտանգ է սպառնացել»:
Կանչերի մեծ մասը սիրտանոթային հիվանդություններով են եղել պայմանավորված, ապա՝ շնչառական, հետո՝ տրավմաներ:
Կարդացեք նաև
Սուր շնչառական հիվանդություններով կանչերից 1659-ը, ըստ Ստեփանյանի, դիմել են մեծահասակները, որոնցից 10-ն են հոսպիտալացվել, իսկ 699-ը՝ փոքրահասակները, որոնցից հոսպիտալացվել են 104-ը:
Ընդհանուր առմամբ, Ստեփանյանի վստահեցմամբ, հոսպիտալացման դեպքերը նորմայի մեջ են եղել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ