Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը ներում է Լեւոն Զուրաբյանին

Հունվար 12,2016 13:17

«Մենք անցյալ տարի չկարողացանք ազգային ներուժը լավագույնս իրացնել, մանավանդ հակասահմանադրական դավադրության դեմ գործողություններում»,- գնահատելով ընդդիմությանն՝ այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը`հավելելով, որ այդպիսով ամեն ինչ չի ավարտվում, այլ նոր համագործակցության շրջան է սկսվում: Ինքը հուսով է, որ այն կլինի առավել առարկայական եւ հրապարակային:

Ի դեպ, ԱԻՄ-ն օրերս դատական գործընթաց է սկսելու ԿԸՀ-ի դեմ, որն այդպես էլ չկատարեց օրենքով իրեն վերապահված լիազորությունը եւ արդար, ազատ ու թափանցիկ հանրաքվե չանցկացրեց: ԱԻՄ-ի հաշվարկներով, սահմանադրական հանրաքվեի ժամանակ «այո» է ասել մասնակիցների հազիվ երեսուներկու տոկոսը: Իրենց ուսումնասիրությունները Հայրիկյանը համարում է «գիտական անժխտելի իրողություն»:

Ազատության հրապարակում կայանալիք Հին Նոր Տարվա միջոցառմանը ԱԻՄ-ը հրավիրված է եւ մասնակցելու է`հուսով, որ այդ օրվանից «առողջ քաղաքական ուժերի նոր որակի համագործակցության սկիզբ կդրվի»: ԱԻՄ-ում լավատես են`վստահեցնում է ԱԻՄ առաջնորդը:

Aravot.am-ի հարցին`ի՞նչն է իրենց այդքան լավատեսություն եւ վստահություն ներշնչում, երբ ընդամենը երկու-երեք ամիս առաջ ընդդիմության հերթական համագործակցությունը`ընդդեմ սահմանադրական բարեփոխումների, այդպես էլ չկայացավ, ավելին` հայաստանյան ընդդիմադիր դաշտը տասնամյակներ ի վեր չի հաջողում այդ խնդիրը լուծել: Պարույր Հայրիկյանը չհամաձայնեց մեր վերջին դիտարկման հետ`ասելով, որ 1998 թվականին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը պայմանավորված էր հենց ընդդիմության`1996-ի արդյունավետ համագործակցությամբ: «Այսօր էլ նույն բանն է, բայց քաղաքական ուժերը որոշակի նպատակադրությամբ են գնում համագործակցության, որպեսզի դրանք դոմինանտ չլինեն, հրապարակայնություն է պետք: Հակասահմանադրական դավադրության հարցում աշխատելիս, պիտի գիտակցենք եւ հայտարարենք, որ կա ազգային շահ: Կեղծ հանրաքվեի արդյունքները պետք է չեղյալ հայտարարվեն»,- ասաց Հայրիկյանը: Ի դեպ, ընդդեմ սահմանադրական հանրաքվեի համագործակցության ժամանակ էլ բոլորն, այդ թվում ԱԻՄ առաջնորդը՝ կրկին խոսում էին ազգային շահի գիտակցության մասին: Արդյունքը եղավ «այո»-ի հաղթանակը:

«Մենք լուրջ հակասություններ ենք ունեցել, ես խիստ գնահատականներ եմ տվել, բայց տեղ թողնելով»,- ասում է Պարույր Հայրիկյանը`հավելելով, որ «Հանրային փրկության» կամ «Նոր Հայաստան» ճակատից, լավ չի տարբերակում դրանց, երեկ հեռախոսազանգ է ստացել. «Նրանք ցավ էին հայտնում չկայացած համագործակցության համար եւ ուղղակիորեն կամ անուղղակիորեն համագործակցության առաջարկ էին անում: Դա արդեն հուսադրող է: Հուսադրող է նաեւ իմ մոտեցումը`ես ներում եմ այն մարդուն, ով առաջին ընտրություններին մասնակցել է, ինձ է ձայն տվել, իսկ հիմա հայտարարում է`Հայրիկյանն ավելի լավ է թող երգեր գրի»:

Հիշեցնենք, «Ազատություն» ռադիոկայանի հարցին`ինչպե՞ս է վերաբերվում Հայրիկյանի գործունեությանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանել էր, որ շատ բարձր է գնահատում իր հայրենասիրական երգերը: Aravot.am-ի հետ զրույցում, ի դեպ, Լեւոն Զուրաբյանը հերքեց այն պնդումը, որ ինքը երբեւէ քվեարկել է Պարույր Հայրիկյանի օգտին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031