Մեր հարցերին է պատասխանում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (ՀՊԵՆ) հիմնադիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանը:
– Մաեստրո Սմբատյան, հունվարի 15-ին ՀՊԵՆ-ի համերգով բացվում է Հայ կոմպոզիտորական արվեստի արդեն յոթերորդ փառատոնը։ Մի քանի խոսք, խնդրեմ, այդ մասին:
– Այո՛, և Երիտասարդական նվագախումբը ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո անցնող այդ փառատոնի համահիմնադիրն է։ Արդեն ձևավորվել է մի ավանդույթ, ըստ որի՝ ամենամյա այս փառատոնը նվիրվում է որևէ ականավոր կոմպոզիտորի հոբելյանին՝ այս տարի նշում ենք երջանկահիշատակ Էդվարդ Միրզոյանի 95-ամյակը։ Համերգի մենակատարն է արդեն համաշխարհային համբավ վայելող ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, որը կկատարի կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանի համերգը գրված հատուկ իր՝ Սերգեյի համար:
– Ինձ երաժշտությունից հեռու մարդ չեմ համարում, սակայն, ճիշտն ասած, առաջին անգամ եմ լսում մեր հայրենակից կոմպոզիտորի անունը:
Կարդացեք նաև
– Խաչատուր Մարտիրոսյանը պատկանում է ավագ սերնդի հայ կոմպոզիտորների շարքին, նա շատ ակտիվ է եղել խորհրդային տարիներին: 2013-ին կատարեցինք իր դրված Կոնցերտը ալտի և նվագախմբի համար:
– Եթե չեմ սխալվում, մինչև փետրվարի վերջը տևող այս փառատոնի համերգները կլինեն սիմֆոնիկ, կամերային և երգչախմբային:
– Այո՛, և Երիտասարդական նվագախումբը մենակատարների հետ համատեղ կկատարի Էդ․Միրզոյանի, Ալ․Աճեմյանի, Ա․Սաթյանի և այլոց գործերը։
– Հիմա թույլ տվեք անցել այսպես կոչված գլխավոր ինտրիգին՝ Երիտասարդական նվագախմբի հունվարի 25-ին կայանալիք գալա-համերգին՝ նվիրված ՀՊԵՆ-ի հիմնադրման 10-ամյա հոբելյանին։ Դեկտեմբերի 25-ին կայացած ասուլիսում Դուք ասացիք, որ Ձեր հիմնադրած և ղեկավարած նվագախումբն այլևս դժվար թե շարունակվի կոչվել «երիտասարդական»: Եվ ի՞նչ անվամբ կկնքեք այն․ ինչպես հասկանում եմ, հենց հունվարի 25-ին կայանալիք համերգին:
– Գիտե՛ք, այս պահի դրությամբ մենք բոլորս աներևակայելի փնտրտուքների մեջ ենք, պետք է լավ մտածենք, թե ինչպե՞ս դա ներկայացնենք մեր հավատարիմ հանդիսականներին, հանրությանը։ Մի բան կարող եմ ասել․ նոր անվանումը լինելու է հիրավի աննախադեպ Հայաստանի համար:
– Լավ, անցնենք բուն համերգին։ Ինչպիսի՞նն է այն լինելու:
-Ասեմ մի խոսքով․ երաժշտական մի իսկական հրավառություն․․․Ու եթե ինձ 2017 թ․ հարցնեն, թե ո՞րն է եղել 2016-ի գլխավոր իրադարձությունն ինձ համար, ապա առանց մի պահ մտածելու՝ կասեմ․ այն, որ ինքը՝ մեծն մաեստրո Քշիշտոֆ Պենդերեցկին հատուկ Երիտասարդական նվագախմբի հոբելյանական համերգին մասնակցելու համար եկավ Հայաստան։
Մեր նվագախումբն այդ օրը կկատարի Պենդերեցկու Կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար, որը ՀՊԵՆ-ի երկացանկում ունի իր մշտական տեղը, մենակատարներն են 2015 թ․Պ․Ի․Չայկովսկու անվան մրցույթի հաղթող Հայկ Կազազյանը (ջութակ) և Պենդերեցկու անվան մրցույթի հաղթող Աստղիկ Սիրանոսյանը (թավջութակ):
Նաև ինձ համար մեծ պատիվ է, որ մեր համերգին մասնակցելու է դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, որը քաջ հայտնի է հայաստանյան հանդիսականին, և ջութակահարուհի Յուկա Ցուբոյը Ճապոնիայից, որը եղել է Երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկած ամենաառաջին մենակատարը՝ ուղիղ տաս տարի առաջ, 2006 թ․ հունվարի 25-ին։
Եթե այս աստղաբույլին գումարենք նաև Հայաստանում ևս քաջ հայտնի իտալացի ակորդեոնահար/բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիին և աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանին, ապա ինքներդ կհամոզվեք նրանում, որ այս համերգն իսկապես աննախադեպ, անակնկալներով լի մի տոնակատարության է վերածվելու:
Օգտվելով Aravot.am-ի կողմից սիրալիր կերպով ընձեռած հնարավորությունից, կցանկանայի մեր հայրենակիցներին տեղեկացնել նաև, որ հունվարի 25-ի ցերեկը «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին նվիրված «Նվագախմբի ձայնը» ֆիլմը նկարահանված ֆրանսիական “Seven Arts” ընկերության կողմից։
Զրուցեց Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆԸ