Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է լինելու տարածաշրջանում «զոն նայողը». «Հայոց աշխարհ»

Հունվար 12,2016 12:49

Մեր հարցերին պատասխանում է վերլուծաբան, ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ

  -Համաձա՞յն եք, որ Ադրբեջանի նկատմամբ Արեւմուտքի կողմից գործադրվող ճնշումների համատեքստում մեր դիրքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ամրապնդվել են։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ Կոնգրեսում շրջանառության մեջ դրված նախագծին։

-Ադրբեջանը կենտրոնացրել է իր ողջ դիվանագիտական պոտենցիալը, որպեսզի Կոնգրեսում այդ բանաձեւը չընդունվի, եւ դատելով ամերիկյան վարչակազմի վերաբերմունքից, այդպես էլ կլինի, որովհետեւ, դրան զուգահեռ, Իլհամ Ալիեւը միջուկային անվտանգության հարցերով խորհրդաժողովին մասնակցելու հրավեր է ստացել։

Ինչ վերաբերում է Եվրոպային, մի կողմից՝ Եվրախորհրդարանի որոշմամբ նախատեսվում է մոտ ժամանակներս Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի հետ կապված մոնիտորինգ անցկացնել, մյուս կողմից՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանում քվեարկության են դրվելու հայտնի բանաձեւերը, որոնք արտահայտում են ադրբեջանական տեսակետները «Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում լարվածության աճի» եւ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ։

Այնպես որ, չի կարելի միանշանակորեն ասել, թե Արեւմուտքը ճնշումներ է գործադրում Ադրբեջանի նկատմամբ, ավելին՝ երեկ էլ Ադրբեջանում Ռումինիայի դեսպանն է «հույս հայտնել», որ Իլհամ Ալիեւը մասնակցելու է հունիսին տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։

  -Այս դեպքո՞ւմ էլ Թուրքիան է «բարեխոսել» Ադրբեջանի համար, ինչպես տարեվերջին, երբ Իլհամ Ալիեւն Էրդողանի «հատուկ հրավերով» շատերի համար անսպասելիորեն հայտնվեց Մեծ քսանյակի գագաթաժողովում։

-Թուրքիան ինքը աջակցության կարիք ունի, որովհետեւ փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, ունի խնդիրներ գրեթե բոլոր հարեւանների հետ։ Թուրքիայի գործողությունները Սիրիայում եւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքում հավանության չեն արժանանում ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից, անգամ այն պարագայում, երբ ռուսական ինքնաթիռի խոցումից հետո ՆԱՏՕ-ն քաղաքական աջակցություն ցուցաբերեց Թուրքիային։

Իհարկե, Թուրքիան հովանավորում է Ադրբեջանին. ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը, չեն ժխտում, որ ներդաշնակեցնում են իրենց քայլերն արտաքին քաղաքականության ոլորտում, բայց Արեւմուտքը շահագրգիռ է, որպեսզի աշխարհաքաղաքական տվյալ իրավիճակում Ադրբեջանը գոնե չշարունակի խորացնել ռազմավարական համագործակցությունը ռուսների հետ՝ չդառնա Ռուսաստանի թիկունքը Սիրիայի հարցում եւ առհասարակ դուրս գա ռուսական ազդեցության տիրույթից։

Տա Աստված՝ սխալվեմ, եւ Կոնգրեսն իրոք ընդունի Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ սահմանող բանաձեւը, Եվրամիությունն ու Եվրոպայի խորհուրդն էլ համարժեք գնահատական տան Ադրբեջանի վարքագծին, բայց տպավորությունն այնպիսին է, թե Արեւմուտքի ճնշումները Ադրբեջանի նկատմամբ զուտ հռետորաբանություն են, որին կոնկրետ քայլեր չեն հետեւելու։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031