«Երեկ փոխոստիկանապետ Խաչատրյանի գրասենյակում էինք եւ աշխատակիցներից մեկը մտավ ու հարցրեց, թե կարո՞ղ ենք ռուսական համարներով մեքենաներին տուգանել: Փոխոստիկանապետը պատասխանեց՝ ոչ: Վերջ, սրանով ամեն ինչ վերջանում է, ժողովուրդ: Որովհետեւ դա նշանակում է, որ ռուսական զենքով մարդիկ իրավունք ունեն մարդ սպանեն փողոցներում եւ նրանք չեն ձերբակալվի դրա համար, իսկ ոչ ռուսական զենքով մարդկանց ձերբակալում եւ պատժում են»,- «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանը:
Նա կարծում է, որ պետք է ազնվություն ունենալ եւ Հանրային հեռուստատեսությամբ հայտարարել, որ Հայաստանում օրենք կարող են խախտել միայն հայերը եւ հայկական համարները. «Մյուսների համար օրենքը գոյություն չունի: Դա է իրականությունը: Եթե օրենքը չի կիրառվում բոլորի համար, դա ավտոմատ կերպով խեղկատակության է վերածվում»:
Արման Սուլեյմանյանը հայտարարեց, որ վերջին շրջանում բավականին ավելացել են ռուսական համարներով ավտոմեքենաները: «Այսինքն` այդ ռուսերեն ասած «лозейка»-ն, այդ տեղը գտել եւ մեծահարուստները գնում են մեքենաներ Ռուսաստանի Դաշնությունից, հավեսով նկարվում են բոլոր կամերաների տակ, պետք էլ չի գազ են տալիս, որ ցեխ շպրտեն համակարգի վրա»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Ռուսների մտքով նման պահանջ չէր էլ անցնի: Այստեղ տեղական գռեհիկ ծառայամտությունն է աշխատում: Իսկ հայտնի տեղը մտնելով ոչ մեկը հարգանքը չի շահի: