Հաշված օրեր անց խորհրդարանական ուժերը նստելու են բանակցությունների՝ քննարկելու Ընտրական օրենսգրքի արմատական փոփոխությունների սխեման։
Երեկ հայտնի դարձավ, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ որոշակի նախնական համաձայնություններ արդեն ձեռք են բերվել։
Ամենավիճահարույց հարցը, որը, ըստ ընդդիմադիր քաղաքական ուժերի, իշխանության վերարտադրության խնդիրն էր լուծելու, կարծես թե հստակեցվում է։ Խոսքը նոր Սահմանադրության 89-րդ հոդվածի մասին է, որտեղ ամրագրված է, որ Ընտրական օրենսգիրքը պետք է երաշխավորի խորհրդարանական կայուն մեծամասնություն, որն էլ վարչապետի թեկնածու առաջադրելու եւ կառավարություն ձեւավորելու իրավունք է ստանալու։
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ հայտնեց, որ իրենց առաջարկած տարբերակով, ԱԺ մեծամասնությունը առկա կհամարվի, եթե ընտրության արդյունքում որեւէ քաղաքական ուժ կամ նախընտրական դաշինք ստացել է ընտրողների 50+ 1 տոկոս ձայնը կամ մանդատների 50+ 1 տոկոսը։ եթե որեւէ ուժ այդքան ձայն չհավաքի, ապա ընտրությունից հետո որոշակի ժամկետում, օրինակ, 14 օրվա ընթացքում կարող է ձեւավորվել. քաղաքական կոալիցիա։
Կարդացեք նաև
Նախընտրելի է համարվում, որ կոալիցիան ձեւավորեն 3-ից ոչ ավելի ուժեր եւ այս դեպքում ֆիքսվի, որ 3 ուժ միասին ունենան 54 մանդատ եւ 3-ի համատեղ մանդատների հանրագումարը ավելին չլինի, քան ընդհանուր մանդատների 2/3-րդն է։ «Ինչու այդքան, որպեսզի ապահովվի Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված որոշակի վերահսկողական լծակների արդյունավետ իրականացումը։ Դրանք վերաբերում են թե՛ սահմանադրական կարգով օրենքների բողոքարկմանը, թե կառավարությանը անվստահություն հայտնելուն, թե կառավարության որեւէ անդամի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելուն, եւ թե Քննիչ հանձնաժողով ձեւավորելու իրավասություններին»,- բացատրեց Արծվիկ Մինասյանը։
Ըստ նրա, եթե որեւէ ուժ չի կարողանում հավաքել 50+1 տոկոս ձայն կամ 14 օրվա ընթացքում վերոնշյալ պայմաններով կոալիցիան
չի ձեւավորվում, ապա այդ դեպքում անցկացվում է ընտրությունների 2-րդ փուլ, որին կարող են մասնակցել 5 տոկոս անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունները, կամ 7 տոկոսը հաղթահարած նախընտրական դաշինքները։ 2-րդ փուլից առաջ եւս կարող են ձեւավորվել նոր դաշինքներ եւ 1-ին փուլում ասենք, 2-րդ, 3, 4-րդ տեղերը գրավածները կոալիցիա ձեւավորելու դեպքում կարող են դուրս թողնել 1-ին տեղը գրաված ուժին։ «Այսինքն, ցանկացած կոմբինացիա, բայց պայմանը հետեւյալն է, որ ներառյալ 3 ուժերը պետք է միասին տիրապետեն պատգամավորական տեղերի առնվազն 54 տոկոսին, որ կայուն ԱԺ մեծամասնությունը համարվի ձեւավորված ու կարողանան կառավարություն ձեւավորել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում