Հայաստանի տնտեսության համար տարին սկսվում է վատ լուրերով։ Համաշխարհային շուկաներում արձանագրվող՝ մեր տնտեսության համար բացասական միտումները ավելի արագ են դրսեւորվում, քան կարելի էր կանխատեսել ընդամենը մի քանի շաբաթ առաջ։
Առայժմ չեն հրապարակվել տվյալները, թե 2015 թվականի ընթացքում որքան մասնավոր տրանսֆերտ է «եկել» Հայաստան։ Բայց ուսումնասիրելով միտումները, կարելի է կանխատեսել, որ 2014-ի համեմատ տրանսֆերտների ծավալը նվազած կլինի մոտ 30 տոկոսով։ Սա ահռելի ազդեցություն է ունենում մեր տնտեսության վրա, քանի որ ՀՀ բնակչության գնողունակ պահանջարկը ձեւավորվում է նաեւ արտերկրից ուղարկվող այս գումարների շնորհիվ։ Տրանսֆերտների նվազումը, իհարկե, պայմանավորված է ՌԴ-ի տնտեսական անկմամբ, քանի որ մեր հայրենակիցները հիմնականում հենց այդ երկիր են մեկնում արտագնա աշխատանքի։
Ինչ խոսք, տրանսֆերտների նվազումը կարճաժամկետ առումով մեծ հարված է հասցնում մեր տնտեսական ցուցանիշներին։ Սակայն երկարատեւ հեռանկարում դրա ազդեցությունը կարող է դրական լինել։ Խնդիրն այն է, որ մի քանի տասնյակ կամ նույնիսկ հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիները տարվա մեծ մասը անց են կացնում այլ երկրներում, աշխատում, ստեղծում բարիքներ, ամիսներ շարունակ սպառում այդ երկրներում արտադրված ապրանքները… մի խոսքով, պատկերավոր ասած՝ զարգացնում այլ երկրների տնտեսությունները։ Արտագնա աշխատանքի ավելի վատ պայմանները կարող են ստիպել մեր հայրենակիցներին մտածել իրենց գործունեությունը Հայաստանում ծավալելու շուրջ։
Սա առաջին հերթին որոշակի ճնշում է առաջացնում իշխանությունների վրա տնտեսությունը ավելի արդյունավետ դարձնելու, բիզնեսի համար ավելի լավ պայմաններ ստեղծելու առումով։ Պատկերավոր ասած, Ռուսաստան արտագնա աշխատանքի չմեկնած մեր հայրենակիցը կամա թե ակամա դառնում է տնտեսությունը բարեփոխելու, բարենպաստ պայմաններ ստեղծելու պահանջատեր։ Եվ որքան շատ լինեն այդ պահանջատերերը, այնքան մեծ կլինի ճնշումը իշխանության վրա։ Այդ ճնշումը կարող է հանգեցնել նրան, որ աշխատուժի արտահանումը ամենայն կերպ խթանող, մասնավոր տրանսֆերտների հաշվին տնտեսական ցուցանիշներ ապահովող իշխանությունը սթափվի, անգամ ինքնապահպանման բնազդից ելնելով:
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում