Ադրբեջանի նախագահ Ալիևը նախօրեին հայտարարել է, որ 2015 թվականը Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված որևէ արդյունք չի տվել` պատճառաբանելով, թե Հայաստանը խաղաղություն չի ցանկանում, միաժամանակ նշելով, սակայն, թե` ,«2015 թվականին Ադրբեջանը շփման գծում առավելության է հասել, թելադրել է իր կամքը և առաջիկայում ևս կուժեղացնի իր մարտական ներուժը»:
Ադրբեջանի նախագահի հերթական` իրար հակասող հայտարարությունների շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ, ով նշեց հետևյալը.
– Ալիևի վերջին հայտարարությունը բացահայտ խոստովանություն է վերջինիս կողմից, որ Ադրբեջանն է հանդիսանում լարում հրահրող կողմը, և այդ լարումը իր նպատակներից է բխում: Սա առավել քան ցինիզմ է, հատկապես վերջին տարվա ընթացքում ԵԽԽՎ-ում իրենց կողմից ամեն գնով առաջ մղվող ,,Բռնության էսկալացիա..,, վերտառությունը կրող զեկույցի իմաստով, քանի որ ստացվում է, որ իրենք հրահրում են նորանոր սրացումներ, ամենօրյա դիվերսիաներ և զոհեր` հայ և ադրբեջանցի երիտասարդների, որպեսզի հիմքեր ունենան նման զեկույցներ թխելու: Ասենք ավելին` Ալիևը այս կերպ նաև բաց տեքստով հայտարարում է, որ իր պարտավորությունների մեջ չեն մտնում հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Նա այդ ջանքերը համարում է միայն միջնորդների պարտականությունը, այն դեպքում, որ հանրահայտ է`կոնֆլիկտի կարգավորման պարտավորությունը կողմերի վրա է, և միջնորդներն այստեղ ընդամենը միջավայր ձևավորող միջնորդական գործողություններ իրացնող են: Այսինքն` սրանով Ալիևը անուղղակի կերպով ընդունում է, որ ինքը շահագրգռված չէ խաղաղությամբ, որ ինքն է այդ սադրանքների հեղինակը:
2015 թվականը իր բնույթով, համարյա կրկնում է վերջին 4-5 տարիները, որոնց ընթացքում Ադրբեջանը հասկանալով, որ դիվանագիտական դաշտում և ազգերի ինքնորոշման իրավունքի հաստատման պայքարում տանուլ է տալիս` գիտակցեց, որ Մինսկի խմբի սկզբունքները , որոնց նա սկզբում համաձայնություն տվեց, այնուհետև սկսեց հրաժարվել դրանցից, իսկ հետո էլ` տորպեդահարել, չեն բերելու իր ուզածին, այլ, թեկուզ դանդաղորեն, քայլ առ քայլ, բայց հետևողականորեն բերելու են Արցախի ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի հաստատմանը և Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչմանը:
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահը հոխորտում է ` մոռանալով, որ աշխարհում գոյություն ունեն նաև խաղաղություն պարտադրելու նախադեպերը, ինչպես նաև , երևի թե մոռացել է ` ինչպես էր իր հայրը զինադադար խնդրում: Մոռացել է նաև, որ այս տարիների ընթացքում եղել են նաև Մինսկի խմբի համանախագահողների թվով 5 հայտարարություններ, որոնք համարյա ուղիղ տեքստով մատնանշում են` ով է զինադադարի խախտողը, ով լարվածություն հրահրողը, ով է, որ շահագրգիռ չէ խաղաղության հարցում և ում վրա է անհրաժեշտ ճնշումների գործադրումը: Ադրբեջանը, կարծում եմ, շատ լավ գիտի նաև, որ Հայոց բանակը յուրաքանչյուր իրենց քայլին համարժեք և մի քանի անգամ ավելի ծանր պատժամիջոցներ է կիրառում և հակահարվածներ տալիս ու տալու է ու կարողանալու է խաղաղություն պարտադրել: Այնպես որ, մի’ ոգևորվեք: