Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին՝ խիստ բառապաշարի մասին

Հունվար 12,2016 10:09

«Սրանց պետք է գնդակահարել` առանց որեւէ դատ ու դատաստանի»,- առաջարկում են ֆեյսբուքյան ընդդիմադիր օգտատերերը` նկատի ունենալով, բնականաբար, իշխանություններին: «Չէ, սրանց պետք է Քադաֆիի օրը գցել»,- առաջարկում են ավելի ընդդիմադիրները: «Չէ, պետք է սկզբից խլել նրանց գողացած հարստությունը, բաժանել ժողովրդին, հետո քառատել ու գանգամաշկը հանել»,- եզրահանգում են ամենաարմատականները: Առաջ, երբ Ֆեյսբուք չկար, ես այդ խոսակցությունները լսում էի «բանավոր»` ուղղված, մասնավորապես, «էն քյոռին», «էն թուրքին» եւ այլն: Հիմա արդեն ծաղկում է մարդկանց գրավոր ստեղծագործությունը: Առանձնապես խնդիր չեմ տեսնում` չեմ կարծում, որ մեր քաղաքացիներն այդքան արյունարբու են. պարզապես մեզանում ընդունված է տուրք տալ որոշակի պարզունակ մտավոր մակարդակի եւ ստորին բնազդների` դա, կարելի է ասել, «բարձրաշխարհիկ զրույց» վարելու ձեւ է:

Փոքր-ինչ զարմանալի է, իհարկե, որ այդ ամենն այսօր համարվում է լրագրություն, հրապարակախոսություն, վերլուծություն կամ` ընդդիմադիր կեցվածք, պայքարող տեսակ, քաղաքական, քաղաքացիական դիրքորոշում: Դա, իհարկե, չի նշանակում, որ ներկա, ինչպես նաեւ «նախորդ» իշխանություններին պետք չէ քննադատել ամենաանխնա ձեւով եւ ամենախիստ (բայց կոռեկտ) ձեւակերպումներով: Ավելին՝ ինձ շատ ցանկալի է թվում, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում ներկայիս իշխող թիմը փոխարինվի մեկ այլ թիմով՝ ոչ թե այն պատճառով, որ այդ նոր թիմը «երկաթե ձվեր է ածելու», այլ վերջապես 25 տարում առաջին անգամ բնականոն ռոտացիայի հիմքը դնելու համար: Ամբողջ խնդիրն այն է, որ վերոհիշյալ մանկական սպառնալիքները ոչ մի սանտիմետրով չեն մոտեցնում ընդդիմությանը այդ նպատակին: Բայց դա էլ է նորմալ՝ մարդիկ ուզում են ինքնարտահայտվել եւ դա անում են իրենց մտահորիզոնի շրջանակներում:

Սակայն նրանք, ովքեր բացարձակապես կոռեկտ չեն իրենց արտահայտություններում, պետք է որ փոքր-ինչ ներողամիտ լինեն, երբ, այսպես ասած, «հակառակ կողմից» հնչում են նմանատիպ ձեւակերպումներ: Վերջերս պատգամավոր եւ երգչուհի Շուշան Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր մեկնաբանության մեջ մեկ այլ օգտատերի հասցեին գրել է՝ «աչքերդ կհանեմ, լակոտ»: Իհարկե, շատ սխալ է վարվել՝ պատգամավորն իրավունք չունի խոսելու գյուղական պառավի բառապաշարով: Բայց տրամաբանական կլինի, որ դրա վերաբերյալ իրենց դժգոհությունը հայտնեն նրանք, ովքեր օգտագործում են ավելի մեղմ եւ ավելի զուսպ բառապաշար:

Թե չէ՝ մի քիչ նման է Կռիլովի հայտնի առակին: Կապիկի եւ հայելու մասին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Աբո says:

    Հայաստանը ազատ երկիր է: Ազգային ժողովի պատգամավորը կարող է արտահայտվել ինչպես փողոցի արևածաղիկ վաճառողուհին:
    Նման խոսքի ազատությանը կնախանձեն շատ երկրներ:)))
    Երկրագնդի վրա կան երկու տեսակ երկրներ, մի երկրում նրան տուժի կենթարկեին՝ ընդհուպ մինչև հեռացում, իսկ մյուս տեսակի երկրում կասեն « ցավը տանեմ, ինչ դուխով կնիկ ա, լավ ա անում »: Փորձեք կռահել ՀՀ որ երկրների ցանկում ա:))

  2. nona says:

    Никогда не подумала бы что эта женщина-Шушан настолько вульгарна и цинична. А говорят из хорошей семьи. Дааааа; она понимает что скро мность красит человека…… в серый цвет.

  3. Эдгар says:

    Ախր Շուշանի նման Ճ կլասի երգչուհուց, առավել ևս պատգամավորից, էլ ինչ կարելի էր սպասել…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031