Գյումրու Ղորղանյան 83 առանձնատանը գտնվող «Ռադիո Մարիամ Հայաստան»-ը, որի աշխատանքները խափանվել էին անցած տարվա նոյեմբերի 25-ին համակարգիչները ԱԱԾ-ի կողմից առգրավվելու, ռադիոյի հիմնադիր Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանին ու այս ԶԼՄ-ի աշխատանքները կոորդինացնող լրագրող Լիլիթ Թորոսյանին կալանավորելու պատճառով, վերսկսել է եթերը:
Հիշեցնենք, որ վերջիններս մեղադրվում են «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի զինված խմբի հետ կապ ունենալու մեջ: Իսկ «Հայոց Վահան» կազմակերպության կողմից Youtube-ում տեղադրված չորս ձայնագրություններից երեքը հենց ռադիո «Մարիամ»-ում արված հարցազրույցներ են:
Ինչեւէ, Հայր Անտոնն ու Լիլիթ Թորոսյանը ազատության մեջ չեն, նրանց խափանման միջոցը փոխված չէ, սակայն ռադիոն վերսկսել է իր աշխատանքները: Ըստ ռադիոյի աշխատակիցների, այն ունի գործադիր տնօրեն, որը եւ կարգավորում է աշխատանքները: «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջում եւս ունկնդիրներին տեղեկացվում է, որ այն վերսկսել է եթերը:
«Սիրելի ունկնդիրներ, տեղեկացնում ենք, որ Ռադիո Մարիամը վերսկսել է իր աշխատանքները: Առայժմ մեզ կարող եք լսել միայն կայքի միջոցով: Տեղի են ունեցել ծրագրային փոփոխություններ, որոնց մասին կտեղեկացնենք կայքի «Ծրագիր» բաժնում»,-գրված է ռադիոյի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ այս ռադիոկայանը գործում է Հռոմի պապի ֆինանսավորմամբ, Գյումրիում ունի մոտ 10 աշխատակիցներ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ