Գերագույն խորհրդի պատգամավորներ՝ Սամսոն Ղազարյանի ու Մեխակ Գաբրիելյանի՝ տարիներ առաջ ծագած ֆինանսական վեճով հերթական դատական նիստն այսօր հետաձգվել է:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր դատական նիստում նախատեսված էր պարտատերերի հանդիպում՝ ժողով:
Սամսոն Ղազարյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօրվա նիստի հետաձգումը պայմանավորված էր իրենց ներկայացրած առարկություններով. «Առարկություններ էինք ներկայացրել երկու պարտատերերի պահանջների դեմ, նիստը հետաձգվեց, որ դատարանը քննարկի առարկությունները ու որոշում կայացնի: Պարտատերերից մեկը՝ ֆինանսների նախարարությունը, պահանջ էր ներկայացրել խոշոր գումարների հետ կապված, որը Մեխակ Գաբրիելյանը վիճարկել էր դատարանում: Այսինքն, նախարարության պահանջը վերաբերում էր Մեխակի ունեցած խոշոր պարտքերին, բայց պարտքերը դեռեւս հաստատված չեն դատավճռով, այդ հարցը դեռ դատաքննության փուլում է»:
Փաստաբանի խոսքով, դատական հաջորդ նիստի օրը դեռ որոշված չէ, դատարանն իրենց լրացուցիչ կտեղեկացնի:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի նյութերի, Սամսոն Ղազարյանը սկսած 2004թ.-ից փոխառությամբ գումարներ է տվել Մ.Գաբրիելյանին, Կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով, առանձնապես խոշոր չափի հասնող տոկոսներ ստանալու նպատակով: Մեղադրական կողմի փաստարկներով՝ Սամսոն Ղազարյանը յուրաքանչյուր ամիս ստացել է տոկոսները, նաեւ մայր գումարը:
Իսկ հարուցված քրեական գործով տուժող ճանաչված Մեխակ Գաբրիելյանը սնանկ է ճանաչվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ