Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք միջոցները բավարար էին, եւ ի՞նչ է պատրաստվում անել «Սանիթեքը»»

Հունվար 11,2016 21:33

«Քաղաքապետի խիստ գնահատականներն, ի զարմանս, պիտի ողջունեմ: Այն մի փոքր հույս է տալիս, որ ճիշտ գնահատականների, հետեւությունների եւ արձանագրումների վրա ավելի ճիշտ կկազմակերպվեն աշխատանքները, քան ստի, կեղծիքի, քան քաղաքապետարնն ինքն իրեն մխիթարի՝ ինքը լավ է աշխատում, արել է այն, ինչ կարող էր անել»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն՝ անդրադառնալով քաղաքապետ Տարոն Մարգարյանի այսօր հնչեցրած գնահատականներին:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ դժգոհություն է հայտնել «Սանիթեք» ընկերության՝ տոնական օրերին աղբահանության եւ ձնամաքրման թերացումներով կատարած աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետը վստահեցրել է, որ խնդիրը կրկնվելու դեպքում «Սանիթեքի» նկատմամբ խիստ պատժամիջոցներ կկիրառեն:

Ստոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետի հնչեցրած նկատողությունները տեղին էին. «Հանուն արդարության պիտի ասեմ՝ շեշտերը ճիշտ են դրված, եւ իհարկե, ինչպես միշտ պաշտոնյանները կարող են շարունակել, թե՝ լավ են աշխատում եւ այլն: Բայց սա, համենայնդեպս, ցույց է տալիս, որ քաղաքապետարանը գիտակցում է, որ ինքնախաբեությունը դեռեւս չի նշանակում, թե հասարակությանը եւս կարելի է համոզել: Հատկապես, որ հասարակությունը ականատես է եղել՝ մաքրվել են փողոցները, թե՝ ոչ, քաղաքապետարանը, «Սանիթեքը» պատրա՞ստ են եղել ձմռան աշխատանքներին, թե՝ ոչ»:

Սաֆարյանն ասաց, որ Տարոն Մարգարյանի հայտարարությունները համաչափ են այն վիճակին, որ եղել է հունվարի սկզբի տոնական օրերին, եւ լավ կլիներ այդ հայտարարությունները վերածվեն աշխատանքի: Ըստ ավագանու անդամի, չնայած, «Սանիթեքը» նոր օպերատոր է, բայց դա մխիթարություն չէ երեւանցու համար. «Հետեւաբար գնահատականները պետք է խիստ լինեին, եւ ես ուրախ եմ որ խիստ են:

Aravot.am-ի այն հարցին՝ մտավախություն չկա, որ ձնամաքրման եւ աղբահանության չկատարված աշխատանքների հաշվին պետբյուջեից գումարներ գրպանվեն, այսպես ասած՝ ատկատներ լինեն, եւ ցույց տան, թե՝ այսքան բակեր, այսքան փողոցներ ենք մաքրել, ավագանու անդամ ասաց. «Նման մտահոգություն կարող է լինել: Բայց ես հիմք ընդունելով քաղաքապետի խիստ գնահատականները, որոնք, իհարկե, տվյալ պարագայում պատվաբեր են իր համար, լավ կլինի զուգակցվեն նաեւ «Սանիթեքի» կողմից հանրությանը ներկայացվող հաշվետվությամբ: Եթե «Սանիթեքը» չի անում, ապա գոնե Երեւանի քաղաքապետարանը դա անի: Պետք է ներկայացվեն պատճառները՝ ինչո՞ւ են թերացել, արդյոք կազմակերպությունը պատրաստ չի եղել, եղե՞լ են համապատասխան փոխանցումներ: Քաղաքապետը սպառնացել է՝ կրկնվելու դեպքում լուրջ պատժամիջոցներ կիրառել այդ օպերատորի նկատմամբ, հարց է ծագում՝ արդյոք միջոցները բավարար են եղել եւ ի՞նչ է պատրաստվում անել «Սանիթեքը», արդյոք անբավարար աշխատանքը ներկայացվելու է որպես կատարված աշխատանք: Ես կարծում եմ Երեւանի քաղաքապետի արած հայտարարությունները դրա համար տեղ չեն թողնում: Հետեւաբար, կամ «Սանիթեքը» կամ քաղաքապետարանը իրենք պետք է թափանցիկ հաշվետվություն ներկայացնեն՝ որքան գումար է ծախսվել, որքան պիտի ծախսեին, որքանը՝ չեն ծախսել, որովհետեւ կա չկատարված աշխատանք, եւ մենք իմանանք, որ դրանք մի ժամանակ հետո չեն գրանցվելու որպես կատարված աշխատանք: Մենք հասկանանք, որ հարկատուներից հավաքագրված գումարները հունվարի սկզբին չեն ծախսվել, բայց կծախսվեն արդեն հավուր պատշաճի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031