Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարի. «Արդեն անիմաստ եմ համարում դիմել ոստիկանությանը, դիմեմ որ ի՞նչ անեմ»

Հունվար 11,2016 21:03

Ինչպես հայտնի է, հունվարի 6-ին Վարդգես Գասպարին հայտարարել է, որ երկու անգամ բռնության է ենթարկվել, նախ իր բնորոշմամբ «ՀՀԿ շտաբի թաղի լակոտ»-ի կողմից, այնուհետեւ՝ նախագահական նստավայրի պահակախմբի:

Aravot.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին նշեց, որ նույն անձնավորությունը, ինչ իրեն դեկտեմբերի 6-ին բռնության է ենթարկել, 2012 թվականին՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ Գասպարին ՀԱԿ-ի պաստառներ էր փակցրել, եւ նա էլ պատռել էր՝ Գասպարիի հասցեին սպառնալիքներ է հնչեցնելով եւ հայհոյելով, Գասպարին էլ դիմել էր ոստիկանությանը:

Գասպարին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել հունվարի 6-ին կատարվածի մասին, որտեղ նշել էր, որ տվյալ անձի անունն եւ ազգանունը գիտի, սակայն մեզ հետ զրույցում ասաց, որ շփոթվել է. «Կարծում էի՝ ոստիկանության թղթերի մեջ իր անունը կա, բայց պարզվեց, ես ոստիկանությունից ստացել էի մի հաղորդում, որ այդպիսի հանգամանք չի ապացուցվել: Բայց այնտեղ չեն էլ գրել, որ ինչ-որ մեկին հարցաքննել են չի ապացուցվե՞լ, թե՞ ուղղակի երկնքին նայելով հասկացել են, որ իրենց այդպիսի ապացույց չի հայտնվել: Այնպես որ, ես այդ անձնավորության անուն-ազգանունը չունեմ»:

Իսկ բռնությունը կատարած անձին Վարդգես Գասպարին այսպես բնութագրեց. «Այս անձնավորությունը մեր փողոցում՝ Դեմիրճյան փողոցում, ՀՀԿ շտաբ ունի եւ ինքը շտաբի պատասխանատուն մի քիչ ճիշտ չի ասած, այդ շտաբի այսպես ասած ջահելներն են, որոնք կանգնում են, կամ աստիճաններ կան, խանութատիպ տեղ է, նստում են այդտեղ գարեջուր են խմում, օղի են խմում, ջահելներով հավաքվում են, ինքը դրանց կազմակերպիչն է»:

Սակայն, կատարվածի վերաբերյալ Վարդգես Գասպարին չի պատրաստվում դիմել իրավապահ մարմիններին. «10 տարի է այս քաղաքական, քաղաքացիական անձանց նկատմամբ բռնություններ են կատարվել եւ որեւէ մեկի նկատմամբ չի բացահայտվել այդ բռնությունները: Ես արդեն անիմաստ եմ համարում դիմել ոստիկանությանը, դիմեմ որ ի՞նչ անեմ»:

Նա հավելեց, որ հասկացել է, որ ապրում է առանց օրենքների անտառի օրենքներով, գողական օրենքներով կարգավորվող հասարակության մեջ. «Այդ գողական հասարակությանը՝ ով ինչքան կդիմանա՝ այդ թվում եւ ես, ճիշտն ասած, չգիտեմ: Բայց փաստն այն է, որ իշխողը, տիրապետողը գողական հասարակությունն է: Ստացվում է, որ եթե ուզեմ բողոքել, պետք է նայեմ տեսնեմ այս ռեգիոնի, այս թաղի գողն ով է, «ավտարիտետն»  ով է, իրեն դիմեմ, այնտեղ հարցերը կարգավորվի: Մոտ ժամանակներս չեմ պատրաստվում դիմել, բայց դե ինչ արած, ժողովրդի 99 տոկոսը համակերպվել է իրավիճակի հետ, կարող է՝ 1 տոկոսն էլ, այդ թվում՝ ես էլ համակերպվեմ՝ դիմում գրեմ թաղի գողին, տեսնեմ՝ ինչպես կարող է իմ իրավունքները պաշտպանել»:

Վարդգես Գասպարին ընդգծեց, որ պայքարը շարունակում է  գրեթե ամեն օր. երբ գնում է աշխատանքի պարզում է «Սերժիկ, մարդասպան», «Սերժիկ, սրիկա» պաստառները եւ Մարտի 1 10 զոհերի նկարները. «Ի վերջո Սերժը կարող է իմանալ, դա իհարկե՛, պարտադիր իմանում է: Չեմ կարծում, որ չի իմանում, որովհետեւ ամեն օր ոստիկանները գալիս են իմ դիմացը փակում են, որպեսզի այսպես ասած, իրենց ընկալմամբ, անախորժ իրավիճակ չառաջանա, որովհետեւ մեկ-երկու անգամ, երբ ես այդ պաստառը ձեռքիս վազեցի փողոցի մեջտեղը՝ ճիշտ իր մեքենայի դիմաց կանգնելով, որպեսզի նա իմանա, որ թերեւս կան քաղաքացիներ, որոնք պահանջատեր են այդ անարդարության նկատմամբ: Դրա համար որպեսզի այդպիսի իրավիճակ չլինի, ամեն օր այն ժամին, երբ ես դուրս եմ գալիս, մի քանի ոստիկան, այսպես ասած, իմ դիմացը փակում է, որ նման իրավիճակ չլինի: Բայց այնուամենայնիվ, ես իմ պաստառը պարզում եմ, եւ կարծում եմ, որ իմ պատգամը ինչ-որ չափով տեղ հասնում է: Համենայն դեպս, այդքանն է իմ հնարավորությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031