Լրահոս
Օրվա լրահոսը

«Դառնանք սմերտնիկներ, մեր վրա բոմբերը կապենք, գնանք, մտնենք նախագահին պայթացնե՞նք». Սեւազգեստ մայրեր. (Տեսանյութ)

Հունվար 11,2016 20:30

Այսօր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Արմեն Խաչատրյանը պետք է հրապարակեր իր վճիռը ոստիկանների կողմից բռնության ենթարկված սեւազգեստ մայրերի` Իրինա Ղազարյանի ու Նանա Մուրադյանի դիմումի հետ կապված: Նրանք պահանջում են, որպեսզի ՀՔԾ-ում վերաբացվի իրենց դեմ բռնությունների գործը եւ իրականացվի արդար քննություն:

Ինչպես տեղեկացրել ենք,  ծնողները դատարանում անակնկալի եկան, երբ իմացան, որ նախագահող դատավորը դուրս է եկել այդ դատարանից, ուստի վճիռ չի կարդալու, իսկ իրենց հարկ չեն էլ համարել ծանուցել այդ մասին,որպեսզի մարզերից չգան հասնեն Երեւան:

Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը դատարանի միջանցքում բորբոքվել էր այդ վերաբերմունքից ու բարկացած բղավում էր. «Օլիգարխի երեխեքին կսարքեն սուրբ, սուրբ երեխեքին կսարքեն հանցագործ: Մեր ղեկավարությունը էս ա: Ինչքան հանցագործների թուլեք կան, որ ավտոներով վթարներ են սարքում, մարդիկ են սպանում, էսօր սրբի դեր են խաղում: Իսկ ինչքան սրբություն կա, սարքում են մարդասպան»:

IMG_4253

Նանա Մուրադյանի խոսքերով՝ «Մեզ ասում են՝ գնացեք տրաքեք, մեկ ա, մերն է լինելու: Իրանց երկիրն ա, թող մեր երեխեքին չտանեն էդ երկիրը պաշտպանելու, եթե իրանց երկիրն ա: Թող մեր երեխեքին չտանեն Ղարաբաղի քուչեքը պաշտպանելու: Իմ երեխուն տարել են Ղարաբաղ, գլուխը կերել են ու մինչեւ էսօր պատասխան չեն տալիս, թե ինչ իրավունք են տարել ու կերել իմ երեխու գլուխը: Հետո էլ ասում են՝ ինչի՞ եք բարձր խոսում: Էլ ի՞նչ անենք, հուններից հելել ենք, էլ տեղ չկա արդեն: Մնում է մենք էլ դառնանք սմերտնիկներ, մեր վրա բոմբերը կապենք, գնանք մտնենք նախագահին պայթացնենք, ի՞նչ անենք: Ինչքա՞ն կարելի ա մեզ ձեռ առնել սենց: Եթե մեր բանակի գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը ամոթ ունենար, թեկուզ ինքնասպանությունները, որ հայտարարում են բանակում, պարզի՝ ի՞նչ է կատարվում բանակում, որ հազարավոր զինվորներ ինքնասպանություն են գործում, բարդակ է, ինչ է: Իմ տղեն բոլորը գիտեն ինչքան ուրախ է գնացել բանակ, 6 ամիս շուտ կամավոր է գնացել, չեն տարել: Էդ զինվորին ի՞նչ պիտի անեին, որ ինքնասպան լիներ: Իմ տղային խեղդել են, հետո կախել են»:

Իրինա Ղազարյանն ասաց, որ գնալու են հերթական զորակոչը խափանելու. «Բանակ տանելու տերն ես՝ պատասխան տուր, ինչի՞ ես սպանել մեր երեխին: Իմ տղեն ի՞նչ ա արել, 7 ամիս հետախույզ է եղել, որ սպանե՞ս: Նրա երեխին խեղդես, հետո կախե՞ս: 20 ամսվա ծառայողին ասում են ինքնասպանություն եղա՞վ: Ո՞նց ա լինում, որ 18 տարի էդ երեխուն ոչ մի բան չի լինում, հենց էդ անտեր Ղարաբաղը տանում են՝ էդ երեխեքը սպանվում են կամ մորթվում են: Մովսես Հակոբյան, էսօր եկել ես նստել ես ՊՆ-ում առանց ամաչելու, որ իմ  երեխուն սպանողի՝ Ջհանգիրյան Մարտինի կռիշն է էսօր ինքը կանգնած: Էսօր ինքը գնացել է ՊՆ-ում որպես ի՞նչ, սրբի տե՞ղ է իրեն դրել: Իսկ հիմա մենք գնալու ենք Չարբախ, տենանք էդ ո՞ր օրենքով են երեխեքին տանում Ղարաբաղ»:

Նանա Մուրադյանի մեկնաբանությամբ՝ զինվորին տալիս ես բանակին ու ոնց ուզում են՝ վարվում են. «Կուզեն կսպանեն, կուզեն՝ կկտրատեն, նոր կսպանեն, կուզեն՝ կխեղդեն, նոր կկախեն, կուզեն՝ փռթիկ-փռթիկ կանեն»:

Հովսեփ Մուրադյանը դատարանի միջանցքում դատական կարգադրիչներին էր գոռալով պատմում իր վիշտը եւ դատավորի անհարգալից վերաբերմունքը նկարագրում ծնողների նկատմամբ՝ նրան անվանելով սրիկա. «Զինվո՞ր են պահել խուժանները, ոչ մի անգամ շոր չեն տվել, զո՞րք են տենց պահում անամոթները: Հետո ասում են մի բղավիր: 20 ամիս ծառայած տղուս սպանել եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Դա փաստ է, որ հայկական բանակում (դեռ) գողական բարքեր կան: Ես առաջարկում եմ Հայաստանում ստեղծել անկախ ու առանձին ԲԱՆԱԿԱՅԻՆ ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ (army ombudsman) կառույց՝ իր բոլոր ենթակառույցներով, օրենքով սահմանված վերահսկողական իրավունքներով ու պատժիչ ֆունկցիաներով:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031